Բակո Սահակյանը ոստիկաններին ու համակարգի վետերաններին պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին մասնակցել է Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից։
Երկրի ղեկավարը շնորհավորել է ոստիկաններին ու համակարգի վետերաններին և պետական պարգև ու կոչումներ շնորհել մի խումբ անձանց:
Իր խոսքում նախագահը կարևորել է Ոստիկանության դերակատարությունն արցախյան պետականաշինության գործում` նշելով, որ համակարգի գործուն մասնակցությամբ է նաև մեր հանրապետությունում պահպանվում օրինականությունը, հասարակական կարգն ու կանոնը, անվտանգությունն ու կայունությունը, քաղաքացիների շահերն ու մարդու իրավունքները:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ համակարգի առջև ծառացած խնդիրները եղել են և կմնան պետության ուշադրության կենտրոնում, և իշխանությունները կանեն հնարավորը ոստիկանների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:










