Սակրամենտոյում հիշատակել են Մեծ Եղեռնի զոհերին. Կալիֆոռնիայի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել
ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի մայրաքաղաք Սակրամենտոյում Հայոց ցեղասպանությանը (1915-1923թթ., իրականացվել է Օսմանյան Թուրքիայի կողմից, զոհվել է 1,5 մլն հայ) նվիրված միջոցառում է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ում հրատարակվող Asbarez պարբերականը, հիշատակի միջոցառումը, որ կազմակերպել էր Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան շրջանի գրասենյակը, անցկացվել է Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի ստորին պալատի՝ Ասամբլեայի շենքում:
Ոգեկոչման արարողությանը մասնակցել են ամերիկահայ համայնքի առաջնորդներ, ակտիվիստներ, ելույթով հանդես են եկել Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի արքեպիսկոպոսներ Մուշեղ Մարտիրոսյանը և Հովնան Տերտերյանը:
Ապրիլի 15-ին տեղի ունեցած միջոցառման ընթացքում Կալիֆոռնիայի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել, որի ընթացքին հետևել են նաև հայերը: Պարբերականն ընդգծում է, որ 20-րդ դարի եղեռնագործությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևերը նահանգի խորհրդարան ներկայացրել էին Ասամբլեայի հայ անդամներ Խաչո Աչաջյանը և Ադրին Նազարյանը: Դրանք վավերացվել են Կալիֆոռնիայի խորհրդարանի ստորին և վերին պալատների կողմից և դարձել մեկ միասնական բանաձև (թիվ 2). այդ փաստաթղթով 2013թ-ի ապրիլի 15-19-ը ընկած ժամանակահատվածը հռչակվվել է որպես «1915-1923թթ. Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման շաբաթ», ինչպես նաև ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվել ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը:
Միջոցառման հիմնական մասի ավարտից հետո հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպել են Կալիֆոռնիայի օրենսդիրների հետ, ներկայացրել են իրենց հուզող հարցերը:
Հաղորդվում է նաև, որ Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի անդամների գրասենյակների դռների վրա փակցված է եղել «Հիշում ենք 1915թ-ի Ցեղասպանությունը» գրությամբ պաստառներ:
ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում ամենաեռանդուն ջատագովը եղել և մնում է Կալիֆոռնիայի նահանգը (ամենահայաշատ ամերիկյան նահանգն է,1,5 մլն ամերիկահայ համայնքի մոտ կեսը բնակվում է հենց այս նահանգում): Ամերիկյան նահանգներից առաջինը հենց Կալիֆոռնիան էր, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (1965թ-ին), դրանից հետո հիմք դրվեց Մեծ եղեռնի ճանաչումը վերահաստատելու և զոհերի հիշատակը նշելու ավանդույթին. նահանգի օրենսդիր մարմինը գրեթե յուրաքանչյուր տարի Ցեղասպանության տարելիցների կապակցությամբ բանաձևեր է ընդունում՝ վերահաստատելով 20-րդ դարի ոճրագործության ճանաչումը:
Հավելենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է 20-ից ավելի պետություն (Ուրուգվայ, Կիպրոս, Արգենտինա, Ռուսաստան, Կանադա, Հունաստան, Լիբանան, Բելգիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Գերմանիա, Վենեսուելա, Շվեդիա և այլն), այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև ամերիկյան 50 նահանգներից 42-ը, դաշնային իշխանությունները, սակայն, առ այսօր պաշտոնապես չեն ընդունել այն:










