Իրանում հերքել են երկրաշարժի հետևանքով զոհերի մասին լուրը

18:01 • 16.04.13

Իրանի իշխանությունները հերքել են տվյալներն այն մասին, որ երկրի հարավ-արևելքում այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մարդիկ են զոհվել, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Reuters-ին, որն էլ իր հերթին՝ իրանական լրատվամիջոցներին։

 

Իրանի ճգնաժամային կենտրոնի ներկայացուցիչը պարզաբանել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է անապատում։ Ավելի վաղ իրանական Press-TV հեռուստաալիքը հաղորդել էր նվազագույնը 40 զոհի մասին։

  

Ներկայում պաշտոնապես հաղորդվում է Պակիստանի բնակիչների մահվան մասին։ Տեղի իշխանությունների համաձայն՝ Իրանի հետ սահմանակից շրջաններում զոհվել է 5 մարդ, որոնց թվում՝ երկու երեխա։ Միևնույն ժամանակ Պակիստանի պետական ռադիոն հայտնել է 12 զոհի մասին։

 

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Իրանում՝ Պակիստանի հետ սահմանին, 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է Խաշ քաղաքից 90 կմ հարավ-արևելք, հիպոկենտրոնը՝ 115 կմ խորության վրա։