Հանրահավաքը չի նշանակում, որ Նախախորհրդարանը չի համագործակցի Ր. Հովհաննիսյանի հետ. Ժ. Սեֆիլյան

09:03 • 16.04.13

Նախախորհրդարանի կողմից մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը, Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքը դեռևս չի նշանակում, որ նույն նախաձեռնությունը այլևս չի համագործակցելու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ և Նախախորհրդարանի քարտուղարության անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:


«Պարզապես մինչև ապրիլի 9-ը պայմանավորվածություն ունեինք, որ մեր պատկերացրած ուղու սկիզբը պետք է տրվեր, բայց դա տեղի չունեցավ, այդ պատճառով մենք սկսում ենք հանրահավաքներ: Բայց մենք շարունակում ենք կապի մեջ լինել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ և գործակցության եզրեր փնտրել»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ մայիսի 9-ին հանրահավաք անցկացնելու վերաբերյալ Նախախորհրդարանը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ 2013-ի փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրություններից հետո սկսված ժողովրդական ընդվզման ալիքը, մինչ օրս կազմակերպական հունի մեջ չի դրվում, ինչի հետևանքով պայքարը գնում է դեպի փակուղի:


Tert.am-ի դիտարկմանը, թե Նախախորհրդարանը քայլերի ինչ հաջորդականություն էր ակնկալում ապրիլի 9-ին, որոնք չարդարացվեցին, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց, որ այդ օրն առնվազն պետք էր ժողովրդին պայքարի հստակ հեռանկար ցույց տալ:


«Տրամաբանական քայլերի հստակ հաջորդականություն պետք է լիներ, որտեղ մեր ժողովուրդը կհուսադրվեր ու տուն վերադառնալով կիմանար նաև իր անելիքը: Այս երկար տարիների ընթացքում հավաքները, որ տեղի են ունեցել Հայաստանում, այսպես ասած ժողովրդին իրազեկելու նպատակ են ունեցել և բազմաթիվ ուժերի կողմից պարբերաբար ժողովուրդը օգտագործվել է: Ի տարբերություն այդ ամբողջի՝ մենք առաջարկում ենք, որ հավաքները ունենան ինքնակազմակերպական նպատակ»,-ասաց նա:


Ժիրայր Սեֆիլյանն ընդգծեց, որ ապրիլի 9-ին Ազատության հրապարակում հավաքված, իր իսկ խոսքով, 30 հազ. մարդկանց պետք է ցույց տրվեր պայքարի հստակ հեռանկարը, և այդ 30 հազ. ինքնակամ հրապարակ եկած մարդկանց ընդհանուր նպատակաների համար գործի մղել:


«Դժբախտաբար, չստացվեց: Շատերի մոտ թյուր կարծիք կա, որ երբ ժողովուրդը «հիմա» է գոռում, Բաղրամյան 26 են հասկանում: Այո, ժողովրդի մեջ մի փոքր հատված կա, որ «հիմա» գոռալով Բաղրամյան 26 է հասկանում: Բայց մի զգալի մասը, որ գոռում է «հիմա» , պահանջում է հստակ պայքարի հեռանկարը, քայլերի հստակ հաջորդականությունը, ժողովուրդը դրա համար էր եկել: Այսօրվա պայմաններում հեշտ չէր այդքան մարդ իրար գլխի հավաքել, որը հաջողվեց Րաֆֆի Հովհաննիսյանին, դժբախտաբար, այդ պիկ պահը չօգտագործվեց»,- ասաց նա:


Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ դրա հետևանքով այսօր բոլորի գործը դժվարացել է, բայց իրենք գործը շարունակելու են՝ գուցե շատ ավելի քիչ ուժերով։ Այդուհանդերձ, նա խոստացավ, որ գործը գնալու է առաջ: Նախախորհրդարանի ներկայացուցիչը հույս հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հնարավորություններով կօժանդակի իրենց սկսած գործընթացը:


Ժիրայր Սեֆիլյանը, համարելով, որ այսօր մեր երկիրը օկուպացված է, նշեց, որ եկել է ազգային-ազատագրական պայքարի դրոշը բարձրացնելու ժամանակը: Նա ընդգծեց, որ պայքարի մարտավարական քայլերը պետք է համահունչ լինեն նրա անվանմանը:


Հարցին, թե արդյոք Նախախորհրդարանը համոզված է, որ ժողովուրդը կմասնակցի հանրահավաքին ու կգնա նրանց ետևից, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը նորից կմոբիլիզանա այն դեպքում, երբ տեսնի, որ հարթակում կանգնած մարդիկ անկեղծ են, նվիրված են, իրենց անցյալով նաև ապացուցել են, որ իրենք պատրաստ են ծառայելու և ոչ թե իշխելու: Համոզված եմ, որ մեզ հաջողվելու է ձևավորել այսպիսի դրական հատկանիշներ կրող գործիչների, ովքեր էլ կմոբիլիզացնեն ժողովրդին»: