Թուրքիան բավական խոշոր գումար է տալիս ՄԱԿ-ին. Հրանուշ Խառատյան
Միավորված ազգերի կազմակերպության «Զարգացման ծրագրերի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը» Բրատիսլավայից Թուրքիա հնարավոր տեղափոխման պատճառներից մեկն էլ ֆինանսական խնդիրն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հարցի շուրջ իր կարծիքը ներկայացրեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նա ընդգծեց, որ Թուրքիան բավական խոշոր գումար է տալիս ՄԱԿ-ին, ի տարբերություն ՄԱԿ-ի անդամ երկրների, որոնք գնալով ավելի ու ավելի ժլատ են դառնում ներդրումների հարցում:
«Թուրքիան իր առաջիկա ծրագրերում ՄԱԿ-ի օժանդակության կարիքը հաճախ կունենա: ՄԱԿ-ը հումանիստական կառույց է և Թուրքիայի քաղաքականությունն այսօր հումանիստական աջակցության կարիք ունի. հարևան երկրների հետ գնալով ավելի ու ավելի վատացող հարաբերություններ և այլն: Դրա համար էլ ուժեղացրել է իր ներդրումները այնպիսի խոշոր կառույցում ինչպիսին ՄԱԿ-ն է: Այստեղից էլ բխում է, որ այդ կառույցը սկսում է կախվածություն ունենալ Թուրքիայից»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայաստանյան 15 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ իրենց մտահոգությունն էին հայտնել այս առթիվ, և նամակ էին հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, զարգացման ծրագրերի ադմինիստրատորին և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցչին:
Հանրային խորհրդի անդամ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը նշեց, որ Հայաստանում դաշինք են կազմել այն բոլոր կազմակերպությունները, որոնք համագործակցում են ՄԱԿ-ի հետ և միասնական բարձրացրել հարցը: Կարինե Դանիելյանը նշեց, որ Երևանում վերջերս տեղի ունեցած ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ռեգիոնալ հավաքի ընդմիջմանը բանագնացներին ներկայացրել են հարցը:
«Մենք բարձրացրինք Հայոց ցեղասպանության հարցը, մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները, որ տեղի են ունենում Թուրքիայում, մեր Թուրքիայի հետ դիպլոմատիկ հարաբերություններ չունենալու հարցը և թե նման պարագայում ինչպես պետք է աշխատենք ՄԱԿ-ի հետ: Հարցը, բացի մեզանից մտահոգում է նաև այլ երկրների՝ Կիպրոսի, Բուլղարիայի և այլ պետությունների ՀԿ-ներին: Այդ պատճառով նրանք ասում են, որ հնարավոր է, որ այն կառույցը, որը աշխատում է մեր հետ մնա ու գործի Բրատիսլավայում»,- ասաց Կարինե Դանիելյանը:
Նա նշեց, որ թեև իրենք դեռ չգիտեն, թե ինչպիսի որոշում կլինի, բայց պայքարելու են մինչև վերջ:










