Ոստիկանները խուզարկել են «ВКонтакте»-ի գրասենյակը
Այսօր ոստիկաններն այցելել են « ВКонтакте» սոցիալական ցանցի գրասենյակ: Սանկտ-Պետերբուրգի հետաքննչական բաժանմունքի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ հետաքննություն է իրականացվում ՃՊԾ տեսուչին վրաերթի ենթարկելու գործի շրջանակներում: Այս մասին հայտնում է Дождь հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով Интерфакс-ին:
Տեղեկությունները հաստատել է նաև սոցցանցի տեխնիկական տնօրեն, «ВКонтакте»-ի հիմնադիր Պավել Դուրովի եղբայր Նիկոլայը, որի մասին նա հաղորդագրություն է թողել սոցկայքի իր անձնական էջում:
Նա նաև ենթադրում է, որ հետաքննչական մարմինների աշխատակիցները գրասենյակում գաղտնալսող սարքեր են տեղադրում:
Ապրիլի 5-ի երեկոյան սպիտակ Mercedes-ի վարորդը Պետերբուրգի կենտրոնում վրաերթի էր ենթարկել ոստիկանին, ով փորձում էր կանգնեցնել մեքենան: Ապրիլի 9-ին ցանցում հայտնվել էր տեղեկություն, որում նշվում էր, որ մեքենայի ղեկին է եղել «ВКонтакте» սոցկայքի սեփականատեր Պավել Դուրովը: Սակայն սոցկայքի մամլո ծառայությունում այս տեղեկությունը հերքել են:










