Մարտի 1–ի 10 զոհերը մանկուց չէին երազում կանգնել Լևոն Տեր–Պետրոսյանի կողքին. Ռուբիկ Հակոբյան
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադառնալով «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարությանը, թե իր մանկության երազանքը չէր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ աղոթելը, ասաց, որ նույն կերպ Մարտի 1-ի զոհերի մանկության երազանքը չէր 2008-ին հետևել Լևոն Տեր–Պետրոսյանին և կրակի բերանն ընկնել։
«Լևոն Տեր Պետրոսյան, այն տասը զոհերը, որոնք եղան 2008թ.–ի Մարտի 1–ին, նրանց մանկության երազանքը չէր, որ Ձեզ լսեին, հավատային, Ձեր կողքին կանգնեին, և ամենավճռական պահին դուք թաքնվեիք Ձեր չորս պատերի մեջ և դեպի գնդակահարություն ճանապարհեիք այդ երիտասարդներին»,– ասաց Ռուբիկ Հակոբյան։
«Եթե Դուք չեք ներում Րաֆֆի Հովհաննիսյանին, որ նա ժողովրդին չտարավ գնդակի բերան և դիակներ չթողեց ասֆալտին, դա արդեն Ձեր գործն է։ Եվ եթե քաղաքական գործընթացն այն է, որ պետք է Մարտի 1 լիներ, մենք դա չենք ընդունում»,– ընդգծեց նա՝ ավելացնելով, որ այսօր ընդդիմադիր դաշտի թիվ մեկ պառակտողը Լևոն Տեր–Պետրոսյանն է, դա նրան հատուկ վարքագիծ է։
Անդրադառնալով ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթին՝ Ռուբեն Հակոբյանն այն մասերի բաժանեց։ «Առաջինը գովասանք էր ԲՀԿ–ի, որն ինձ համար ավելի շուտ հայհոյանք է, քանի որ նա հայտարարեց՝ որպեսզի իրենք կարողանան իշխանափոխություն անել, պետք է բաժանեն, յուրաքանչյուրի հարցերն առանձին լուծեն, հետո նրա հարցերը լուծեն, իսկ դա քաղաքական ժուլիկություն էր։ Մյուս հատվածը բամբասանք էր Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին»,– ասաց նա։
Ռուբեն Հակոբյանը նաև նշեց, որ ովքեր շատ թե քիչ առնչություն են ունեցել «Բարևի» շարժմանը, չեն հրավիրվել ՀԱԿ–ի համագումարին։ «Մեր պետությունը դարձավ ողբերգության տեր 1996–ի ընտրություններին, և եթե Լևոնը նորից վերադառնա իշխանության, արդյոք նորից չի՞ անի 1996–ի կրկնությունը։ Ես տեսնում եմ 96–ի կրկնություն, ինչպես այն ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանն իրեն պարտադրեց նախագահ, այսօր էլ Սերժ Սարգսյանն է դա անում»,– հավելեց նա։










