Վրացական մամուլը բացահայտել է Սաակաշվիլիի դեմ իրականացվելիք մահափորձի մանրամասները
Վրացական մամուլը բացահայտել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ իրականացվելիք մահափորձի մանրամասները։
«Грузия и мир»-ը՝ «Хроника» թերթին հղումով, հայտնում է, որ հանրապետության ղեկավարին չեզոքացնել ցանկանում է միայն նրա մերձավոր շրջապատը։
Թերթի տվյալներով՝ Սաակաշվիլիի սպանության ծրագիրը մտածել է նրա համախոհ, երկրի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին։ Հանցագործության մեղքը բարդվելու է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Վրաստանի նոր ղեկավարության վրա։ «Սպանված» նախագահը, ինչպես պնդում է պարբերականը, կդառնա հերոս, իսկ նրա համախոհ Մերաբիշվիլին՝ վերածնված «Միացյալ ազգային շարժում» կուսակցության միանձնյա առաջնորդը։
Թերթը նաև պնդում է, որ Մերաբիշվիլին ավելի վաղ նախագահին տեղյակ է պահել իր ծրագրի մասին, հայտարարելով, որ խոսքը միայն «բեմականացման» մասին է (նախագահի մեքենայում, որը պայթեցվելու է, Սաակաշվիլին չի լինելու)։
«Դու, իհարկե, կենդանի ես մնալու։ Մենք աղմուկ կառաջացնենք ողջ աշխարհում, և կուսակցությունը ոտքի կկանգնի։ Այդ ամենի համար բոլորը կմեղադրեն Ռուսաստանին։ Մենք հսկայական խնդիրներ կստեղծենք Բիձինա Իվանիշվիլիի համար»,-նախագահին համոզելու համար ասել է նախկին նախարարը։
Նախագահին այդ ծրագիրը դուր է եկել, սակայն ավելի ուշ նրա շրջապատը համոզել է չդիմել նման քայլի, նախազգուշացնելով, որ նա իրապես կարող է զոհվել։
Ստացված տեղեկատվությունը, որն իբր հաղորդել է նախագահի թիկնազորի նախկին անդամը, թերթը հրապարակել է՝ սպասվող հանցագործությունը կանխելու նպատակով։ Սաակաշվիլիի և նրա համախոհների արձագանքն այս հրապարակմանը դեռևս հայտնի չէ։










