Հարավային Կորեան մերժել է Հյուսիսային Կորեայի ներկայացրած վերջնագիրը
Պաշտոնական Սեուլն այսօր մերժել է Փհենյանի ներկայացրած վերջնագիրը, որով Հյուսիսային Կորեայի իշխանությունները Հարավային Կորեայից պահանջել էին ներողություն խնդրել թշնամական գործողությունների համար, տեղեկացնում է Взгляд-ը՝ France-Presse գործակալությանը հղումով։
Երեկ ներկայացված վերջնագրում նշվում են բոլոր պատասխան քայլերը, որոնք կկատարվեն հյուսիսկորեական կողմից, եթե Սեուլը Հյուսիսային Կորեայի «արժանապատվությանը վնասող» որևէ քայլ ձեռնարկի։
«Ցավալի է, որ Հյուսիսն օգտագործում է լրատվամիջոցներին՝ մեզ սպառնալու համար»,-ասել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Մին Սոկը։ Նա ընդգծել է, որ Հարավային Կորեան պատրաստ է խիստ պատասխան տալ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ցանկացած սադրանքի։
Ապրիլի սկզբին տեղեկություն էր տարածվել, որ ԿԺԴՀ-ն պատրաստվում է միջին հեռահարության «Մուսուդան» տիպի բալիստիկ, ինչպես նաև «Սկադ» և «Նորդոն» տիպի հրթիռներ արձակել։










