Վենեսուելայում ընդդիմության ցույցերի ընթացքում զոհվել է 7 մարդ, 61 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել

21:29 • 16.04.13

Վենեսուելայում նախագահական ընտրություններում գրանցված արդյունքից դժգոհ ընդդիմության կազմակերպած բազմահազարանոց ցույցերի ժամանակ զոհվել է 7 մարդ, հաղորդում է RT գործակալությունը՝ հղում կատարելով Վենեսուելայի գլխավոր դատախազի հայտարարությանը:  

 

Առնվազն 2 հոգի զոհվել են Կարակասի Միրանդա նահանգում, 1-ը Տաչիրա նահանգում, և ևս մեկը զոհվել է Սուլիա նահանգում:

 

Պաշտոնական տվյալներով 61 քաղաքացի ստանցել է տարբեր վնասվածքներ: Գլխավոր դատախազը զոհերի և տուժածների պատճառ դարձած բախումներում մեղադրել է ընդդիմությանը: 


Ազգային ընտրական խորհուրդը կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ է շնորհել իշխող ուժերի ներկայացուցիչ Նիկոլաս Մադուրոյին: Ըստ վերջին տվյալների, նա հավաքել է ձայների 50.75%-ը: Երկուշաբթի օրը Մադուրոն հռչակվել էր երկրի ընտրված նախագահ: Սակայն ընդդիմության թեկնածու Էնրիկե Կապրիլեսը, ով հավաքել է ձայների 48.89%-ը, չի ընդունել իր պարտությունը և պահանջել է վերահաշվել ձայները:



Կարակասում ընթանում են ընդդիմության բազմահազարանոց ցույցեր, որի մասնակիցները պահանջում են ձայների վերահաշվարկ իրականացնել: Նախօրեին հազարավոր մարդիկ կաթսաներով և այլ երկաթե սպասքով դուրս էին եկել Կարակասի փողոցներ, որպեսզի հայտնեն իրենց անհամաձայնությունն ընտրությունների արդյունքների հետ:


Սակայն Մադուրոն հայտարարել է, որ ապրիլի 19-ին մտադրված է երդում տալ որպես Վենեսուելայի նախագահ: