Առանց Տիրոջ կամքի, նույնիսկ ծառից տերև վայր չի ընկնում. ոստիկանապետը՝ Ներսիկ Նազարյանի պաշտոնանկության մասին

15:53 • 16.04.13

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի կարծում, որ պետք է զարմանալ երեկ իր կայացրած որոշումից, ըստ որի՝ պաշտոնանկ արվեց Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը և նրա փոխարեն նշանակվեց Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը:

«Ոչ մի զարմանալի և սենսացիոն բան ես չեմ տեսնում։ Գոնե դուք՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներդ, իմ առաջին նշանակման օրվանից չգիտեմ գովաբանել եք, թե մեղադրել եք նրանում, որ անընդհատ կադրային փոփոխություններ ենք անում, և կարծում եմ՝ այդ ոգով, այդ տեսանկյունից կարելի է դիտել տեղաշարժերը»,- Tert.am-ի հետ ճեպազրույցում ասաց նա։ Վլադիմիր Գասպարյանը հորդորում է չմոռանալ, որ Ոստիկանությունը կենդանի օրգանիզմ է և նման փոփոխություններն անհրաժեշտ են։ 

«Ոստիկանությունը շարժվող, շնչող օրգանիզմ է։ Պրոցեսներ են տեղի ունենում, որոնք ուղղակի արվում են նրա համար, որ ավելի ճիշտ, ավելի լավ կազմակերպվեն, աշխատանքային բնույթ ունեցող փոփոխություններ լինեն»,- նշեց նա։

Հարցին, թե մամուլում առկա այն պատճառաբանությունները, թե Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությունն ուղղակի կապ ունի ապրիլի 9-ի իրադարձությունների հետ, քանի որ վերջինս իր գործողություններով չի կանխել սադրանքները, ՀՀ ոստիկանապետը պատասխանեց. «Առաջարկում ենք նման տեսակետներ տարածող լրատվամիջոցներին՝ իմանան, որ առանց Տիրոջ կամքի նույնիսկ ծառից տերև վայր չի ընկնում»,- ասաց նա։

Մեր դիտարկմանը, թե Երևանի նոր ոստիկանապետի նշանակման հետ կապված քննադատություններ էլ չուշացան, ինչպես օրինակ՝ Երևանի նոր ոստիկանապետը ժամանակին խոշտանգել, մետաղյա ձողով հարվածել է ցուցարար Գրիշա Վիրաբյանին, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց, թե ինքը դեռ չի տեսել ոստիկան, որի մասին չհնչեն նման քննադատություններ։ 


«Երևի դա այն խնդիրն է, որ մենք պետք է կարողանանք լուծել, երևի դա այն խնդիրն է, որի համար մենք այսօր աշխատում ենք փոխել մեր ոստիկանի կերպարը։ Գիտե՞ք ինչ կա, ոչ մի անարդար գործ անպատիժ չի մնում, այնպես որ կլինեն և խոսակցություններ, կարևորը՝ մենք տեսնենք մեր մեջ սխալները, մեր թերությունները և գնանք ուղղվելու ճանապարհով։ Այդ դեպքում ամեն ինչ նորմալ կլինի։ Եվ գիտե՞ք ինչ, շատ ժամանակ ոչ տեսածներիդ հավատացեք, ոչ լսածներիդ, եթե հոգի ունեք կգտնեք»,- ասաց նա։

Ի դեպ, Վլադիմիր Գասպարյանը մասնակցում էր ոստիկանի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։ Նա ծաղիկներ դրեց Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի կիսանդրու առջև։

Մեր հարցին, թե ոստիկանապետն ինչպես է վերաբերում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ իրեն որպես «զորավար» դիմելու ձևին, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, բավականին լավ, միգուցե զորավո՞ր»,- հարցրեց նա, իսկ երբ նշեցինք, թե ոչ՝ «զորավար», ափսոսանքով ավելացրեց. «ա հա՞, շատ լավ ա, շատ լավ եմ վերաբերվում»։