Ներսես Նազարյանի պահվածքն ապրիլի 9-ին ադեկվատ չէր. Արմեն Մարտիրոսյան

10:55 • 17.04.13

«Ժառանգությունը» դրական է գնահատում Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանին պաշտոնից ազատելը, որովհետև նրա պահվածքն ապրիլի 9-ին ադեկվատ չէր:
Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:


«Իր հրամաններն այդ օրը, ես համոզված եմ՝ ադեկվատ չէին ստեղծված իրավիճակին, և այդ բախումներն էլ, որ առաջացան, ամենայն հավանականությամբ, իր պատասխանատվության տակ էին»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:


Ի պատասխան հարցի, թե ինչու՞ է այդպես կարծում, չէ՞ որ, այնուամենայնիվ, ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանն է, նա նշեց. «Մենք տարբեր առիթներ ունեցել ենք իմանալու, որ տարբեր անձինք տարբեր հրամաններ են տվել: Համացանցում եղած կադրերից էլ երևում է, որ Վլադիմիր Գասպարյանը բոլորովին այլ տեսանկյունի կողմնակից էր, ինչը վերջում իրականացավ և, բարեբախտաբար, ավելորդ լարվածությունից, անցանկալի իրավիճակներից կարողացանք երկուստեք խուսափել: Երկուստեք այդ հասկացողությունը կար, թե ինչ կարող էր լինել. և՛ Րաֆֆի Հովհաննիսյանի, և՛ Վլադիմիր Գասպարյանի»:


Իսկ Արմեն Մարտիրոսյանին հայտնի՞ է, որ Ներսիկ Նազարյանն այդ օրը նման հրահանգներ է տվել և ի՞նչ վարքագիծ է ունեցել նրա տեղակալ Վալերի Օսիպյանը:


«Հայտնիի խնդիրը չէ, բայց ինքն էր այդ օրը ղեկավարում, դա հստակ երևում է: Իսկ ինչ վերաբերում է պարոն Օսիպյանին, ես կարծում եմ՝ նա այդ ժամանակ հրաման կատարող է եղել: Իսկ Ներսիկ Նազարյանը, այնուամենայնիվ, ինձ թվում է՝ հրաման տվողներից մեկն է եղել»,- ասաց նա։


Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող տեղեկություններին, որ ապրիլի 9-ին Ներսես Նազարյանը սադրել է բախումները և անգամ՝ հայհոյել Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իր ինքն այդ ժամանակ արդեն այդտեղ չէր (ծեծվել էր և բերման էր ենթարկվել ոստիկանություն), իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն հետագայում նման բան չի պատմել:


«Նա հարցազրույց էր տվել, որ իմ հետ քննարկում է եղել և ես իրենց դեռևս այդ ժամանակ ասել եմ, որ կարող են ընդամենը մի գիծը բաց թողեն, մենք ձախ մասով բարձրանանք վերև, իրենք՝ աջ մասով, ինչպես նախկինում է եղել, իրենց զինվորականներին են կանգնեցնում, ինչ են անում, ինչ ուզում են, թող անեն: Թող գծով էդպես շարեին, մենք մեր երթն անեինք»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ ինքը Ներսիկ Նազարյանի հետ ոչ մի բան չի պայմանավորվել։


Խոսքն այն մասին է, որ ինքն Արմեն Մարտիրոսյանին երկու օր առաջ բացատրել է, որ այդ օրը Բաղրամյանով երթ չի կարող լինել:


«Ես իրենց ասացի, թե ինչ եղանակով կարելի է անել, որ որևէ խնդիր չլինի, բայց իրենց խնդիրը ոչ թե մեր իրավունքներն ապահովելն էր, այլ հակառակը՝ արգելելը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։