ԱՄՆ-ի իշխանությունները հերքել են բոսթոնյան պայթյունների մեղավորի ձերբակալման մասին լուրերը

23:11 • 17.04.13

ԱՄՆ-ի իշխանությունները հերքել են բոսթոնյան պայթյունների մեղավորի ձերբակալման լուրերը:

 

 

Ամերիկյան ԶԼՄ-ների՝ ավելի վաղ տարածած տվյալներով ձերբակալվել է Բոսթոնում տեղի ունեցած պայթյունների գործով առաջին կասկածյալը, ում ֆիքսել են մոտակա հանրախանութի անվտանգության տեսախցիկները: Ըստ CNN-ի երկու տարբեր տեսանյութերում երևում է, թե ինչպես է մի սևամորթ տղամարդ պայուսակ թողնում այն վայրում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը: Ենթադրվում է, որ ռումբը թաքցված է եղել պայուսակի մեջ:

 

 

Սակայն պաշտոնական աղբյուրները հերքել են այս տեղեկատվությունը, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով ոստիկանության իր աղբյուրներին: Ոստիկանությունն առայժմ հայտարարել է, որ «նշանակալի» հաջողության է հասել հանցագործության բացահայտման գործում:


Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս գործով ոստիկանությունը հարցաքննում է Սաուդյան Արաբիայի մի քանի քաղաքացիների, սակայն նրանց մեջ մեղավորների գտնել չի հաջողվել:


Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին՝ երկուշաբթի օրը, Բոսթոնի կենտրոնական փողոցներից մեկում, որտեղ սպասվում էր Բոսթոնյան հայտնի մարաթոնի ավարտը, երկու պայթյուն է տեղի ունեցել, որոնց հետևանքով 3 մարդ է զոհվել, 180-ը վիրավորվել են: