Եվրոպան պետք է օգնի Հայաստանին ու Վրաստանին, հակառակ դեպքում ՌԴ-ն կանի դա. The Guardian-ի անդրադարձը

16:19 • 17.04.13

The Guardian-ի հոդվածագիր Սիգրիդ Ռաուսինգն այցելել է Վրաստան և Հայաստան և իր տպավորությունների մասին գրել պարբերականում։

Հրապարակումը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.

 

«Վերջերս ճանապարհորդել եմ Վրաստան և Հայաստան՝ հանդիպելու մարդու իրավունքների պաշտպանության խմբերին։ Երկու օր Վրաստանում մնալուց հետո մենք շարժվեցինք արևմուտք, որտեղ բլրոտ լանդշտաֆտն աստիճանաբար դառնում է լեռնային, հովիվները ոչխարներ ու խոշոր եղջերավորներ են պահում հետխորհրդային գյուղում։

 

Երկար ժամանակ ճանապարհը ձգվում էր գետակի ափով՝ պլաստիկ աղբով լի։
 

Սա կարող էր բացառիկ գեղեցիկ տարածք լինել, սակայն այն դատարկվել է և նվազել մոտ մեկ դար տևած վատ և անտարբեր կառավարման հետևանքով։

 

Ամեն գյուղ, որտեղ եղել ենք, կիսով չափ լքված է. քանդվող տներ՝ նորոգված փայտերի կտորներով և մետաղե ծածկերով։


Եթե հաջողվել է, մարդիկ ընտանիքներով են տեղափոխվել, եթե ոչ՝ տղամարդիկ են մեկնել Ռուսաստան՝ աշխատելու և  տան ապրուստը հոգալու համար։
 

Մենք Բրիտանիայում երբեմն մոռանում ենք անցումային երկրներում մարդու իրավունքների հարցերի շուրջ դաժան իրականության մասին։

 

Մարդու իրավունքների լեզուն նույնն է ողջ աշխարհում։ Վրաստանում բազմաթիվ խմբեր խոսում են «բանտային բարեփոխումների» մասին։

Համատարած խոշտանգումների փաստերի բացահայտում՝ գաղտնի տեսանյութերի հրապարակմամբ, կալանավորների բռնաբարություններ, ծխախոտով այրել...Եվ վերակացուներն այդ ամենին նայում են՝ անտարբեր մնալով նրանց ճիչերի հանդեպ։

Զոհերը շարքային հանցագործներ են, դա ոստիկանության և բանտի առօրյայի մի մասն է։

 Տեսանյութերի հրապարակումից հետո հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ, նախարարը հրաժարական տվեց։ Շատերն այդ տեսանյութերը բեմադրություն համարեցին։

 

Իրավապաշտպան այլ խմբեր էլ խոսում են «կոռուպցիայի» և «թափանցիկության» մասին։  Ահա և մի դեպք։ Հայաստանում խանութի տիրոջն այցելում են հարկային պաշտոնյաներն ու կաշառք պահանջում։ Նա մերժում է և նրանց դատի տալիս։  Մի քանի տարի անց՝ բազմաթիվ դատական ատյաններից հետո, նա հաղթում է գործը, սակայն այժմ նույն հարկային պաշտոնյաներն այնքան են ահաբեկել նրա մատակարարներին, որ նա այլևս չի կարող մնալ բիզնեսում։

 

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները, որոնց մենք հանդիպեցինք, ապավինում և հավատում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, չնայած փաստին, որ բազմաթիվ դեպքերում բողոքները մշտապես կուտակվում են։ Դա այն է, ինչ նրանք ունեն։

 

Եվրոպական համերաշխությունը բրիտանացիներից շատերի համար դատարկ հասկացություն է։ Բայց ժողովրդավարությունը և օրենքի գերակայության հարցը բոլորիս համար կարևոր է։

 

Վրաստանն ու Հայաստանը, ինչպես նաև 14 ազգեր, Եվրոպական Միության հետ բանակցում են Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում։


Այն առաջարկում է տնտեսական ներգրավվածության աստիճան՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության, շուկայական սկզբունքների և կայուն զարգացման դիմաց։


Վրաստանում և Հայաստանում, Խորհրդային Միության փլուզումից հետո, պետությունը դեռ թույլ է և երբեմն՝ բանդիտական, իսկ տնտեսությունը՝ օլիգարխիկ։

 

Ինչպես բոլոր հետխորհրդային երկրներում, կա պատմական ինստիտուցիոնալ դաժանություն և անտարբերություն բանակում, բանտերում, հիվանդանոցներում ու մանկատներում։
 

Այժմ Երևանում մարդիկ հույսով խոսում են «Հայկական գարնան» մասին։ Նախագահ Սերժ Սարգսյանը վերջին նախագահական ընտրություններում վերընտրվեց երկրորդ անգամ։ Զգալի թվով քվեաթերթիկներ դիտմամբ անվավեր են դարձվել։

Հիմնական ընդդիմադիր թեկնածուն՝ ծնունդով ԱՄՆ-ից Րաֆֆի Հովհաննիսյանը (37%քվե), ստվեր թողեց ապրիլի 9-ի երդմնակալության արարողության վրա։

 

Այս տարածաշրջանում եվրոպական ինտեգրացիան կառավարման լավագույն խաղադրույքն է։
 

Հայաստանի համար այլընտրանքը Ռուսաստանն է, որտեղ արտաքին ֆինանսավորում ունեցող հասարակական կազմակերպություններն «օտարերկրյա գործակալներ» են համարվում։


Եվրոպական առևտրային համաձայնագրերը և մարդու իրավունքների պահանջները պետք է ավելին լինեն, քան այժմ՝ թե՛ նրանց, թե՛ մեզ համար»։