Ճապոնիայի արքայադուստր Մասակոն 11 տարվա ընթացքում առաջին անգամ արտերկիր կմեկնի
Ճապոնիայի թագաժառանգ Նարուհիտոյի կինը՝ արքայադուստր Մասակոն, վերջին 11 տարվա ընթացքում առաջին անգամ պաշտոնական այցով կմեկնի արտերկիր՝ Հոլանդիա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ ճապոնական լրատվամիջոցներին հղումով։
Արքայադուստր Մասակոն արդեն ավելի քան 10 տարի բուժվում է ընկճախտից, որն առաջացել է պալատական փակ կյանքից։ Ճապոնական հասարակության համար իրական ցնցում է եղել, երբ նրա ամուսին՝ արքայազն Նարուհիտոն մի քանի տարի առաջ խոստովանել է, որ արքայադուստրն իրեն լավ չի զգում պալատում և հասկացնել է տվել, որ դրա պատճառներից մեկը թաքնված է նրա նկատմամբ պալատական չինովնիկների վերաբերմունքից. Մասակոն չի կարողացել կայսերական տանը ժառանգ պարգևել։ Սակայն այս խնդիրն այլևս լուծված է, քանի որ Նարուհիտոյի եղբայրը որդի է ունեցել, ով էլ կլինի հաջորդ թագաժառանգը։
Նա դադարել է հայտնվել հանրության մեջ, նրա մասնակցությունը հանդիսավոր միջոցառումներին հասցվել է նվազագույնի։
Պալատի գլխավոր վարչությունը դեռ չի հաստատել արքայազն Նարուհիտոյի և արքայադուստր Մասակոյի՝ ապրիլի վերջին կայանալիք այցը Հոլանդիա։
Նրանք պետք է մասնակցեն արքայազն Վիլեմ-Ալեքսանդրի թագադրման արարողությանը, որը կայանալու է ապրիլի 30-ին։










