Ջիվան Գասպարյանի կարծիքով Երևանը վերջին մեկ տարվա մեջ շատ է գեղեցկացել

13:13 • 17.04.13

Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը շատ է ցանկանում, որ Երևանը մնար իր յուրահատուկ ձևի մեջ և ոչ թե Փարիզ լինի, այլ Երևան: «Պետք է լինի այն, ինչ բնական է: Երևանը եղել է փոքր, գեղեցիկ քաղաք, որտեղ բոլորս իրար ճանաչում էինք։ Քաղաքում կար երեք հատ երեք հարկանի շենք, մնացածը բաղեր էին»,– այսօր կայացած ասուլիսին ասաց նա։


Վերջինիս խոսքով՝ այդուհանդերձ, դրականն այն է, որ քաղաքը մեծացել և լայնացել է, գեղեցիկ շենքեր և փողոցներ են ավելացել: «Այսօր ես տեսնում եմ, որ քաղաքը շատ է գեղեցկացել վերջին մեկ տարվա ընթացքում, և երևանցին պետք է սրտացավ լինի, չկեղտոտի քաղաքը»,- ասաց նա:


Ջիվան Գասպարյանի կարծիքով՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը այս կարճ ժամանակահատվածում ահագին բան է արել, ինչի համար նա ողջունեց քաղաքապետին։ «Ով էլ լինի քաղաքապետ, պետք է սիրի քաղաքը, ես լավ դուդուկահար եմ, ու եթե ջութակ նվագեմ, լավ չեմ նվագի։ Ես կուզեմ մեր այսօրվա գործող քաղաքապետը ինչ տեմպով սկսել է, նույն տեմպով էլ շարունակի իր գործը»,– նշեց նա և հավելեց, որ եթե այսպես շարունակվի, քաղաքը շատ լավը կլինի։


«Տարոն Մարգարյանը խորացել է այս գործի մեջ, և ես մտածում եմ, որ նա իր գործում պրոֆեսիոնալ է, նա սրտացավ մարդ է: Իսկ թե մյուսներն ինչ կանեն, ես չգիտեմ: Ես ինչ տեսնում եմ, էն եմ ասում»,– եզրափակեց Հայաստանի ժողովրդական արտիստը։