Սիրիայի հակամարտության ռազմական լուծումը կհանգեցնի ահաբեկչության աճի. Լավրով

16:43 • 17.04.13

Որքան երկար տևի Բաշար ալ-Ասադի ռեժիմի մեկուսացումը, այդքան ավելի սպառնալիքները կզգացվեն Սիրիայում։ Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին այսօր Թուրքիայում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ թուրք գործընկեր Ահմեթ Դավութօղլուի հետ բանակցություններից հետո։

 

«Սիրիական ճգնաժամի հետևանքները սարսափելի են. մարդկային կյանքը, տառապանքը, հումանիտար աղետը։ Հույս ունեմ, որ կգերակշռի խելքը, պրագմատիզմը, սիրիական ժողովրդի շահերը»,-ասել է Լավրովը։


Նախարարը նշել է, որ գործընթացի մի քանի մասնակիցներ հավաստիացրել են, որ երկխոսություն սկսելու ուղիներ են փնտրելու։ «Ես հույս ունեմ, որ դա կիրականանա»,-ընգծել է Լավրովը։


Նրա խոսքով՝ ռազմական լուծման տարբերակը կա թե՛ ընդդիմության համախոհների մոտ, թե՛ Դամասկոսում։
 

«Մենք փորձում ենք հասնել նրան, որ Դամասկոսը կատարի այն, ինչ խոստացել էր Ժնևյան կոմյունիկեով։ Եթե իրավիճակը հանձնվի նրանց, ովքեր կողմ են ռազմական լուծմանը, ապա սարսափները, որոնք արդեն իսկ կան այստեղ, կբազմապատկվեն, և ահաբեկիչների ազդեցությունն այս տարածաշրջանում կավելանա»,-ասել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։