Հոլանդիայում ընտրում են դեպի Մարս միակողմանի տոմս ցանկացողներին՝ Mars One նախագծի շրջանակներում
Mars One նախագիծը սկսել է ռեալիթի շոուի մասնակցության հայտերի հավաքագրումը: Ռեալիթի շոուի ժամանակ, որը կոչվում է «Կարմիր մոլորակ», մասնակիցները պետք է թռչեն Մարս և այնտեղ հիմնեն Երկրի բնակիչների առաջին բնակավայրերը: Ընտրական փուլին կարող են մասնակցել 18-65 տարեկան քաղաքացիներ ցանկացած երկրից: Կամավորները ստիպված կլինեն ընդմիշտ լքել Երկիրը, գրում է Russian Today-ը:
Հատուկ հմտություններ չեն պահանջվում. մասնակիցներին կսովորեցնեն այն ամենն, ինչ պահանջվում է Մարսում կյանքի դժվարությունները հաղթահարելու համար: Կազմակերպիչների հաղորդմամբ՝ նախապատվությունը կտրվի առողջ և խելացի մասնակիցներին, ովքեր կունենան նաև գիտատեխնիկական կրթություն: Մասնակցության համար հայտն ընդունվում է մեկ րոպեանոց տեսահոլովակի տեսքով: Ընտրված թեկնածուները 7 տարի նախապատրաստական կուրսեր կանցնեն:
Mars One կազմակերպության մամլո հաղորդագրության համաձայն՝ արդեն առավել քան տասը հազար մարդ ամբողջ աշխարհից հայտ է ներկայացրել նախագծին մասնակցելու համար: Տեղեկացվում է նաև, որ մասնակիցների առաջին խումբը, որի կազմում կընդգրկվեն 24 տիեզերագնացներ, կկազմվի արդեն այս տարի:
Կապը Երկրի հետ կպահպանվի Մարսի և Երկրի ուղեծիրների վրա գտնվող արհեստական արաբանյակների միջոցով:
Mars One-ի ծրագիրը գնահատվում է 6 մլրդ դոլար, որի մեջ մտնում է թռիչքը, սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ ուղարկելու համար նախատեսված ծախսերը: Գումարի մի մասը կազմակերպիչները մտադիր են հայթայթել թեկնածուների միջոցով, քանի որ մասնակցության մեկ հայտի արժեքը կազմում է 25 դոլար:
Նախագծի կազմակերպիչների կարծիքով, 2016-ին Մարս ուղարկված կլինի մոտ 2.5 տոննա սննդամթերք: Իսկ մարդկանց առաջին խմբի վայրէջքը նախատեսվում է 2023-ին:










