Սաակաշվիլին պատմել է, թե ինչպես է ընկել հեծանիվից և ինչ է պատրաստվում անել ապագայում
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մանրամասներ է ներկայացրել այն մասին, թե ինչպես է վերջերս Թուրքիայում ընկել հեծանիվից, տեղեկացնում է newsru.com-ը։
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում Սաակաշվիլին պատմել է, որ դա տեղի է ունեցել առավոտյան մարզանքի ընթացքում։
«Սարսափելի ոչինչ տեղի չի ունեցել։ Գյուղական ճանապարհին ես իմ սպորտային հեծանիվով 40կմ/ժ արագություն եմ զարգացրել և ընկել փոսը։ Ինձ փրկել է լավ սաղավարտը։ Իսկ լուրերը, թե ես բեռնատարի եմ բախվել, կամ նման ինչ-որ բան, ճիշտ չեն»,-պատմել է նախագահը՝ շնորհակալություն հայտնելով թուրք բժիշկներին, ովքեր մեկ օրվա ընթացքում նրան ոտքի են կանգնեցրել։
Նա նաև նշել է, որ այսօր աշխարհի գրեթե բոլոր առաջնորդները հեծանիվ են քշում։ «ԱՄՆ-ում՝ ռազմաբազաներից մեկում, մենք նախագահ Ջորջ Բուշի հետ բավական երկար, հեծանվային զբոսանք ենք ունեցել»,-հիշեցրել է Սաակաշվիլին։
Նույն հաղորդման ընթացքում նա հայտարարել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին, երբ լրանա նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտը, չի հեռանա քաղաքականությունից։
Մասնագիտությամբ իրավաբան Սաակաշվիլին մտադիր չէ վերադառնալ իրավաբանությանը, այլ մնալու է քաղաքականության մեջ՝ պայքարելով Վրաստանի ազատության և անկախության համար։
«Իհարկե, ինձ որպես տրակտորավար աշխատանքի չեն ընդունի։ Ես կցանկանայի լինել հաջորդ նախագահի խորհրդականը, քանի որ երկու նախագահական ժամկետների ընթացքում ես շատ բան եմ հասկացել և մեծ փորձ են կուտակել։ Սակայն եթե դա անընդունելի լինի, ապա ակտիվ եմ լինելու երկրի քաղաքական կյանքում»,-ասել է Սաակաշվիլին՝ հավելելով, որ երբեք չի լքի Վրաստանը։










