Թայվանը 5 տարվա ընթացքում առաջին անգամ զորավարժություններ է սկսել

13:58 • 17.04.13

Զինված ուժերի բոլոր տեսակները մասնակցում են Թայվանում այսօր մեկնարկած զորավարժություններին, որոնց նմանը տեղի չի ունեցել 2008թ.-ից ի վեր, տեղեկացնում է Взгляд-ը։


Այդ զորավարժություններին մասնակցելու են նաև Թայվանի նոր հրթիռային «Ռեյ Տին 2000» տիպի համակարգերը, որոնք նախատեսված են կենդանի ուժը խոցելու համար։

 

Նշվում է, որ հնգօրյա զորավարժությունները տեղի կունենան Թայվանական նեղուցի մոտ տեղակայված Պենհու կղզում, որը ռազմավարական նշանակություն ունի։


Զորավարժություններին մասնակցում է ավելի քան 7.600 զինվոր և սպա, տարբեր տիպի կործանիչներ, հրթիռներ, ուղղաթիռներ, ռազմական տեխնիկա։


Դրանց ընթացքին հետևում է Թայվանի իշխանության ղեկավար Մա Ինցզյուն։


Չնայած վերջին տարիների ընթացքում Չինաստանի հետ հարաբերությունների բարելավման միտումներ են նկատվում, սակայն պաշտոնական Թայբեյը կարծում է, որ մարտունակությունը պետք է միշտ բարձր մակարդակի վրա պահել։


Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին հայտնի էր դարձել, որ Չինաստանը մտադիր է զբոսաշրջիկների համար բացել Սիշա վիճելի կղզին, որին հավակնում է նաև Թայվանը։