Թե ինչու ՀԱԿ-ի հանրահավաք անցկացնելու օրն ընտրվեց ապրիլի 30-ը

16:02 • 17.04.13

Ապրիլի 30-ը հանրահավաք անցկացնելու համար «Հայ ազգային կոնգրեսի» ամենահարմար և ամենաազատ օրն է: Այս մասին Tert.am-ին ասաց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող Կոնգրեսի ցուցակի երկրորդ համար Զոյա Թադևոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու տևական դադարից հետո հանկարծ որոշվեց հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում:


«Մեր հանրահավաք անելու հնարավորությունը կախված էր այլ գործոնով. քաղաքապետարանը մեզ ցույց տվեց, որ ողջ ամսվա համար կա այլ կուսակցությունների կողմից ներկայացված հայտ և հնարավոր չի անել, և 30-ը ամենահարմարը գտնվեց և ամենաազատ օրը»,- ասաց նա։


Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը հայտնել էր, որ Կոնգրեսը մարտի 1-ին հանրահավաք է հրավիրելու, ինչը տեղի չունեցավ:


Զոյա Թադևոսյանն էլ ի պատասխան հիշեցրեց, թե ինչու տեղի չունեցավ մարտի 1-ի հանրահավաքը. «Մարտի 1-ին մենք ուզում էին միասնաբար՝ Ազատության հրապարակում հավաքվածների հետ մեկտեղ (Րաֆֆի Հովհաննիսյանի և իր թիմի-Tert.am), գնալ Մյասնիկյանի արձանի մոտ, բայց փոխվեց իրավիճակը, տարբեր պայմանավորվածություններ, հրաժարումներ, որից հետո ստիպված էինք անել, ինչ որ արեցինք»:


Զոյա Թադևոսյանը նշեց, որ հանրահավաքը լինելու է «ավագանու ընտրությունների կոնտեքստում», բայց կլինի համապետական հանրահավաք: Ինչ վերաբերում է հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է ելույթ ունենալու Լևոն Տեր-Պետրոսյանը, ասաց. ««Հայ ազգային կոնգրեսի» և հատկապես՝ նախագահի խոսքերին կարոտել է ամբողջ թիմն ու համակիրները, որովհետև համագումարում միայն պատվիրակներն էին, և հասարակությունը ունի պահանջ, որ ուզում են լսել Տեր-Պետրոսյանին: Եվ ընդհանրապես, այդ օրն ուզում ենք ցույց տալ մեր կտրուկ դիրքորոշումը»:


Հիշեցնեք, որ որպես նախագահական ընտրություններին չառաջադրվելու պատճառ, Լևոն Տեր-պետրոսյանը նշեց իր տարիքը, որ 68 տարեկան է:


Եվ նրա՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ դառնալուց հետո, քաղաքական ընդդիմախոսները սկսեցին հեգնել, թե ինչու է կուսակցության նախագահ ընտրվում. այլևս 68 տարեկան չ է՞: Այսօր էլ «ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էր հայտարարել, որ հարգում է Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, որ իր տարիքն այլևս չի ներում, որ քաղաքականությամբ զբաղվի:


Զոյա Թադևոսյանն ի պատասխան բառացի ասաց. «Անհեթեթություն մեկնաբանելը պարապ զբաղմունք է: Ես դա այլևս չեմ ուզում անել»: