Սաուդյան Արաբիայի միապետը նամակ է հղել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին

01:10 • 18.04.13

Իտալիայում Սաուդյան Արաբիայի դեսպան Սալեհ Մուհամմեդ ալ-Գամդին չորեքշաբթի օրը Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս Պապին է փոխանցել Սաուդյան Արաբիայի միապետ Աբդալլահ բեն Աբդել Ազիզի նամակը, գրում է РИА Новости-ն: 

 

Գործակալության հաղորդմամբ, սա առաջին հաղորդակցությունն էր նորընտիր Պապի և Սաուդյան Թագավորության միջև: Սաուդյան Արաբիան այն սակավաթիվ երկրներից է, որոնք դիվանագիտական հարաբերություններ չունեն Վատիկանի հետ: Նամակի բովանդակության մասին ոչինչ չի հաղորդվում: 


Մոտ մեկ ամիս առաջ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայտարարություն էր հնչեցրել քրիստոնյաների և մուսուլմանների միջև երկխոսության անհրաժեշտության մասին՝ դրանով իսկ հաստատելով, որ մտադիր է շարունակել Բենեդիկտոս XVI-ի քաղաքականությունը, ինչը բարեհաճ ընդունելության էր արժանացել իսլամական աշխարհում:  2007-ին Աբդալլահ բեն Աբդել Ազիզը պատմական այց էր կատարել Վատիկան, որտեղ հանդիպել էր Բենեդիկտոս XVI-ի հետ: Թեև բանակցությունները չհանգեցրին դիվանագիտական հարաբերությունների ստեղծմանը, այնուամենայնիվ, նրանք համաձայնության եկան երկխոսություն սկսելու շուրջ՝ երկու կողմերի միջև համագործակցության բարելավման նպատակով:

 

Սաուդյան միապետի նախաձեռնությամբ 2012-ի նոյեմբերին Վիեննայում բացվեց Միջկրոնական և միջմշակութային երկխոսության միջազգային կենտրոն: Վատիկանն իր համաձայնությունն էր տվել կենտրոնի աշխատանքներին որպես հիմնադիր-դիտորդ մասնակցելու համար: