Նոր մանրամասներ Պռոշյանի գյուղապետի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունից

15:15 • 18.04.13

Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Արայիկ Պետրոսյանից առգրավված՝ դեպքի օրը նրա հագին եղած հագուստի՝ սպորտային վերնազգեստի աջ և ձախ թևքերի վրա նույնպես դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նշենք, որ նշված գործի շրջանակներում սպանությունից երկու օր անց
ձերբակալվել էին երկու եղբայրներ՝ Արտակ և Արայիկ Պետրոսյանները։ 

Ավելի ուշ նրանցից մեկը՝ Արայիկ Պետրոսյանը
կալանավորվել էր, իսկ մյուսը՝ Արտակ Պետրոսյանը ազատվել էր արգելանքից։ 

Երեկ էլ եղբայրների հայրը՝ Արշալույս Պետրոսյանը հանդես էր եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ուղղված բաց նամակով: