Պռոշյանի գյուղապետի սպանության գործով կալանավորվածի նկատմամբ կալանավորման որոշումը մնաց ուժի մեջ

19:03 • 18.04.13

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր անփոփոխ է թողել Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի՝ ապրիլի 2-ին կատրված սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու առաջին ատյանի դատարանի որոշումը:


Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է մեղադրյալի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը: Նա նշել է, որ դատարանի հիշյալ որոշումը բողոքարկելու է ՀՀ Վճռաբեկ դատարան, ապա նաև՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:


Գ.Հովհաննիսյանը հայտնել է, որ բողոքարկելու է նաև Արայիկ Պետրոսյանի եղբոր՝ Արտակ Պետրոսյանի նկատմամբ կալանքն ընտրելու որոշումը: Նա մեղադրվում է այլ գործով՝ խուլիգանության մեջ: Ըստ պաշտպանի՝ իր երկու պաշտպանյալների մեղադրանքն անհիմն է ու ապօրինի:


Նշենք, որ այսօր Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Արայիկ Պետրոսյանից առգրավված՝ դեպքի օրը նրա հագին եղած հագուստի՝ սպորտային վերնազգեստի աջ և ձախ թևքերի վրա նույնպես դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
 


Նշենք, որ նշված գործի շրջանակներում սպանությունից երկու օր անց ձերբակալվել էին երկու եղբայրներ՝ Արտակ և Արայիկ Պետրոսյանները։


Ավելի ուշ նրանցից մեկը՝ Արայիկ Պետրոսյանը կալանավորվել էր, իսկ մյուսը՝ Արտակ Պետրոսյանը ազատվել էր արգելանքից։


Երեկ էլ եղբայրների հայրը՝ Արշալույս Պետրոսյանը հանդես էր եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ուղղվածբաց նամակով: