Աշոտյանն ասում է, թե իր՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան նշանակվելու լուրերը որպես կատակ է ընդունել

17:23 • 18.04.13

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, երբ լսել է շրջանառվող լուրերը, թե ինքը հնարավոր է նշանակվի Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, մտածել է, թե դա կատակ է։


Այսօր լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ երբ այդ խոսակցությունները տեղ գտան մամուլում, ինքը սկսեց նաև մեկ այլ բան մտածել:
 

«Կարծում եմ, որ կա՛մ շատ է ցանկանում ազատել կրթության և գիտության նախարարի պաշտոնը մեկ այլ՝ իր (նկատի ունի մամուլի - Tert.am) կողմից առավել սիրված գործչի համար, կա՛մ էլ շատ է ցանկանում, որպեսզի ես իմ ֆրանսերենի իմացությունը կարողանամ դրսևորել և ծառայեցնել Հայաստանի արտաքին քաղաքականության համար»,- ասաց նա:


Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնեց բոլորին, որ իր մասին հոգ են տանում, սակայն հորդորեց դա չանել:


Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե հավանական է, որ Արմեն Աշոտյանն ազատվի իր պաշտոնից և նշանակվի Ֆրանսիայում ՀՀ դեսպան՝ Վիգեն Չիտեչյանի փոխարեն: