Հարգելիներս, ո՞ւր էիք փետրվարի 18-ին, ո՞ւր էիք ապրիլի 9–ին. «Բարև դաշինքը» եղավ Արաբկիրում (տեսանյութ,լուսանկարներ)

21:43 • 18.04.13

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Բարև Երևան» դաշինք այսօր քարոզարշավ իրականացրեց Արաբկիր վարչական շրջանում, որտեղ բնակիչների հետ հանդիպման ժամանակ դաշինքի ցուցակը գլխավորող «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը խոսքն ուղղելով մրցակից քաղաքական ուժերին՝ ասաց. «Հարգելիներս, ո՞ւր էիք փետրվարի 18-ին, ինչո՞ւ չպայքարեցիք միասին, ո՞ւր էիք ապրիլի 9-ին, ինչո՞ւ ժողովրդի կողքին չէիք, թե՞ դուք «Հանրապետական» կուսակցության նման եք ժողովրդի հետ, թե՞ ձեր խնդիրը բոլորովին այլ հարթությունում է»։


Խոսելով քաղաքի խնդիրների մասին՝ քաղաքապետի թեկնածուն հայտարարեց, որ տարբեր խնդիրներ կան, որոնց մասին բոլորս գիտենք։ «Ես ոչ միայն մեքենայով եմ տեղաշարժվում, այլ երբեմն ստիպված եմ լինում կամ ցանկանում եմ հասարակական տրանսպորտից օգտվել և տեսնում եմ, թե ինչ վիճակ է հասարակական տրանսպորտում։ Մեզ համար միանշանակ է, որ մենք պետք է այնպիսի կառավարման համակարգ ստեղծենք, որի շնորհիվ կլուծվեն այդ խնդիրները»,– ասաց նա՝ հավելելով, որ այդպիսի կառավարում այլևս թույլատրել չի կարող լինել։


Վերջինիս խոսքով՝ «Բարև Երևան» դաշինքը գալիս է այն գործունեությունը ծավալելու, որն այսքան ժամանակ ծավալել են թիմի անդամները։ «Մեր քաղաքացիներն, ինչպես ասացին «Բարև, Հայաստան» փետրվարի 18-ին, այնպես էլ կասեն մայիսի 5-ին»,– նշեց նա։


Ելույթով հանդես եկան դաշինքի ցուցակում ընդգրկված երիտասարդներից Անահիտ Հովհաննիսյանը, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Մարգարիտա Հակոբյանը, Շուշան Վարդանյանը, Ֆիլիպ Արզումանյանը։


Դաշինքի անդամ, ԱԺ 4–րդ գումարման պատգամավոր Գագիկ Բաղդասարյանն ասաց, որ իրենց քաղաքապետի թեկնածուն հաղթանակը ունենալու դեպքում կլինի լավագույն քաղաքապետը անկախ Հայաստանի պատմության մեջ։ Նա կլինի հոգատար հայր յուրաքանչյուր երեխայի համար, հոգատար զավակ յուրաքանչյուր ծնողի համար։


Անդրադառնալով մրցակից ուժի՝ ՀՀԿ–ի քարոզարշավին՝ նա հարց բարձրացրեց. «Քարոզ եք անում, ասում եք՝ ընտրեք մեզ։ Լավ, ընտրենք, որ ի՞նչ անեք։ Չորս տարի ի՞նչ եք արել, որ հիմա անեք»։


Վերջինիս խոսքով՝ «Բարև Երևան» դաշինքն այսօր «Բարև Հայաստան» հեղափոխության շարունակությունն է, և «Բարևի» հեղափոխությունը զադնի սկորուստ չունի։