Կաթողիկոսն իր մտահոգություններ է հայտնել ԵԽ Գլխավոր քարտուղարին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ում հետ զրույցում կաթողիկոսը մտահոգություն է արտահայտել «Զինապարտության մասին» և «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքների գործադրության առնչությամբ եվրոպական տարբեր կառույցների կողմից կայացվող որոշումների կապակցությամբ։
Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, Գարեգին Բ–ն ընդգծել է, որ նման պարագաներում հարկ է նկատի առնել տվյալ երկրի առանձնահատկություններն ու կացությունը: .
Վեհափառ Հայրապետը գոհունակություն է հայտնել Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացում Եվրոպայի խորհրդի կողմից ցուցաբերվող աջակցության համար:
Նա նշել է, որ Հայաստանի ներկայությունը Եվրոպայի խորհրդում մեծապես նպաստում է երկրում ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը, ինչը քրիստոնեական արժեհամակարգի կարևոր բաղկացուցիչներից մեկն է:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հավատի և կրոնի նկատմամբ հասարակության վերաբերմունքին, տարածաշրջանային խնդիրների լուծման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում տարածաշրջանի հոգևոր առաջնորդների գործադրած ջանքերին, ինչպես նաև միջկրոնական երկխոսության կարևոր դերակատարությանը:










