Չինական գյուղում անհասկանալի պատճառով սատկել են գրեթե բոլոր շները և խոզերը
Չինական Հենան նահանգում գտնվող գյուղ մուտք գործելն արգելվել էր այն բանից հետո, երբ հարյուրավոր խոզեր և շներ սատկել են անհայտ պատճառներով: Տեղի բնակիչները պատճառը կապում են քիմիական գործարանի հետ, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով BBC-ին:
Տեղի պաշտոնյաները հայտնել են, որ Հենան նահանգի Դոնգտուն գյուղում հայտնաբերվել է 410 խոզի և 122 շան դիակ:
Արդեն հայտնի է, որ այս երևույթի պատճառ չի հանդիսացել համաճարակը կամ H7N9 թռչնի գրիպը: Ոստիկանությունը հետաքննություն է սահմանել քիմիական գործարանի նկատմամբ, որը գտնվում է գյուղի հարևանությամբ, որովհետև բազմաթիվ տեղի բնակիչներ կենդանիների մահացության պատճառը կապում են գործարանային ծխի հետ:
«Սատկած կենդանիներին գտնում էին ամբողջ գյուղում: Նրանք սատկում էին հանկարծակի՝ առանց որևէ պատճառի»,-հայտնել է տեղի բնակչուհիներից մեկը:
Գյուղի այլ բնակիչներ հաստատել են, որ անցյալ երկուշաբթի նրանք զգում էին շատ ուժեղ մի հոտ, որը գալիս էր գործարանի կողմից:










