Հունաստանում կրակ են բացել ելակ հավաքող ներգաղթյալների վրա
Հունաստանում չորեքշաբթի երեկոյան ցուցարար ներգաղթյալների վրա կրակ բացելու հետևանքով տուժել են տասնյակ մարդիկ, հայտնում է Риа Новости-ն՝ հղում կատարելով հունական պետական հեռուստատեսությանը:
Միջադեպը տեղի է ունեցել Պելոպոնեսյան թերակղզում գտնող Նեա Մանոլադա բնակավայրի մոտակայքում: Մոտ 200 ներգաղթյալներ բողոքում էին, որ կես տարով ուշացրել են ելակ հավաքելու համար իրենց աշխատավարձը: Տեղի բնակիչներից մեկը, ով վարձել էր օտարերկրացիներին, որսորդական զենքով դուրս է եկել ցուցարարների դեմ և կրակ է բացել:
Ըստ հեռուստատեսության տվյալների, տուժել է մի քանի տասնյակ մարդ: Հիվանդանոցում է հայտնվել շուրջ 39 մարդ, որոնցից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, իսկ 10-ը՝ ծանր:
Հունաստանի ընդդիմադիր կուսակցությունները քննադատել են կատարվածը, իսկ կառավարությունը դեռևս չի արձագանքել:










