Ռուս ոստիկանները փնտրում են ՌԴ ԿԸՀ 24-ամյա հայ աշխատակցուհուն, ով քշել է մարդկանց վրա և հեռացել

12:12 • 18.04.13

ՌԴ ոստիկանությունը փնտրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24-ամյա աշխատակից Մարգարետ Առաքելյանին, ով Մոսկվայում հետիոտնի է վրաերթի ենթարկել և հեռացել, տեղեկացնում է Life News-ը։

 

Միջադեպը տեղի է ունեցել «Ստոպխամ» շարժման ակցիայի ընթացքում, որն իրականացվել է ընդդեմ մեքենաները սխալ կայանելուն։

 

Սպիտակ «Մերսեդես»-ի ղեկին գտնվող աղջիկը փորձել է մեքենան կայանել հենց հետիոտնի անցումի համար նախատեսված հատվածում, սակայն նկատելով տեսախցիկներով ակտիվիստներին, քշել է նրանց վրա։

 

«Աղջիկը կանգնել էր «զեբրայի» վրա։ Մենք նրան խնդրեցինք ուրիշ տեղ կայանել մեքենան, սակայն նա սեղմեց գազի ոտնակը, քշեց մեզ վրա, և ես ոտքիս հարված ստացա։ Հետո նա իր մեքենան այլ տեղ կայանեց և վերադարձավ, որպեսզի ասի, որ ինքը պետական ծառայող է, և եթե մենք հրապարակենք տեսանյութը, մեծ խնդիրներ կունենանք»,-Life News-ին պատմել է տուժածներից Ալեքսանդրա Կոնդրաշևան։

 

Հետագայում պարզվել է, որ աղջիկն իրոք քաղծառայող է։ Նա աշխատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
Ոստիկանությունն այս պահին սկսել է ուսումնասիրել վրաերթի փաստը։