Սիրիայում չարը կռվում է չարի դեմ. Նեթանյահուն անդրադարձել է սիրիացի ապստամբներին զինելու հարցին

15:43 • 18.04.13

Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուն միջազգային հանրությանը կոչ է արել շրջահայացություն ցուցաբերել Սիրիայի ընդդիմությանը զինելու հարցում, որտեղ, նրա խոսքով, «չարը պայքարում է չարի դեմ», տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Նեթանյահուն Լոնդոն էր մեկնել՝ մասնակցելու Մարգարետ Թետչերի հուղարկավորության արարողությանը։ Նա Սիրիայի խնդիրը քննարկել է բրիտանացի գործընկերոջ՝ Դևիդ Քեմերոնի հետ, ով համարվում է Բաշար ալ-Ասադի թշնամիներին զենք մատակարարելու էմբարգոյի հակառակորդներից մեկը։

 

«Զինյալներին զինելու հարցը պատասխան է պահանջում՝ ո՞ր զինյալներին պետք է զինել և ի՞նչ զենքերով։ Դա շատ բարդ հարց է ցանկացած երկրի համար»,-ասել է Նեթանյահուն՝ բրիտանական BBC-ին տված հարցազրույցի ընթացքում։

 

Վարչապետը հրաժարվել է հայտնել, թե արդյոք Քեմերոնին կոչ արե՞լ է պահպանել էմբարգոն, որի ժամկետն ավարտվում է մայիսի վերջին։ «Այն ամենն, ինչ ասել եմ նրան, ասվել է մասնավոր զրույցի ձևաչափով։ Մենք համակարծիք ենք Սիրիայում ահաբեկչության և արյունահեղության դադարեցման անհրաժեշտության շուրջ, սակայն այնտեղ բարդ իրավիճակ է, չարը կռվում է չարի դեմ»,-ասել է Նեթանյահուն։