Տիգրան Սարգսյանը, Էդվարդ Նալբանդյանը և Սեյրան Օհանյանը կշարունակեն պաշտոնավարել (թարմացված)
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի թեկնածությունը այդ պաշտոնի համար։ Այս մասին Tert.am-ի՝ ավելի վաղ ունեցած տեղեկությունը լրագրողների հետ կայացած ճեպազրույցում հաստատեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Նա հայտարարեց, որ նիստի օրակարգում եղել է երկու հարց՝ կառավարության ձևավորման և Երևանի ավագանու ընտրությունների հարցը։
Կառավարության կազմի մասով, մասնավորապես, քննարկվել է նաև Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարների հարցը։ Մասնավորապես, Սերժ Սարգսյանը առաջարկել է, որ նշված պաշտոններում շարունակեն պաշտոնավարել, համապատասխանաբար, Սեյրան Օհանյանը և Էդվարդ Նալբանդյանը։
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ խորհուրդը և գործադիր մարմինը միաձայն երաշխավորել են բոլոր նշված առաջարկությունները։ Նշվածներից բացի այլ հարցեր կառավարության կազմի առումով չեն քննարկվել։
Խոսելով Տիգրան Սարգսյանին այդ պաշտոնում երաշխավորելու մասին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց հետևյալը. «Մենք հիմնականում համամիտ ենք, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը կարողացել է լուծել իր առջև դրված խնդիրները, և մենք հիմա հույս ունենք, որ այն ավելի կբարելավվի։ Բոլոր խնդիրներով հանդերձ՝ Տիգրան Սարգսյանի կառավարության առջև 2012թ.-ին դրված էր ապահովել 7%-անոց աճ, և այդ խնդրի լուծումն իրագործվել է»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք հավատում են, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը կարող է հասնել ավելի լավ Հայաստանի։
ՀՀԿ մամուլի քարտուղարը հայտնեց նաև, որ Սերժ Սարգսյանը վարչապետի նշանակման համար կխորհրդակցի խորհրդարանական խմբակցությունների հետ և օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում իր որոշումը կկայացնի։
Նշենք, որ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ հանրապետության նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը՝ իր կողմից պաշտոնը ստանձնելու օրը: Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը: Նախագահը պարտավորվում է 10-օրյա ժամկետում նշանակել վարչապետին, 20-օրյա ժամկետում՝ ձևավորի նոր կառավարության կազմը:
Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանին ներկայացրեց կառավարության հրաժարականը:
Սերժ Սարգսյանն ընդունելով այն՝ խնդրեց կառավարության անդամներին շարունակել պաշտոնավարել մինչև նոր կառավարության ձևավորումը:
Նշենք, որ Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնը ստանձնել է 2008թ.-ի ապրիլի 9-ին: Նա Հայաստանի երրորդ հանրապետության 12-րդ վարչապետն է:










