Պակիստանի նախկին նախագահը փախել է դատարանի դահլիճից
Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը փախել է դատարանի դահլիճից՝ կալանքից խուսափելու համար, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
Իրավապահները պատրաստվել են նրան կալանավորել հենց Իսլամաբադի դատարանի դահլիճում, սակայն Մուշարաֆի թիկնապահները նրան բառացիորեն տարել են իրավապահների ձեռքից և նստեցրել սև մեքենան, ինչից հետո այն շարժվել է անհայտ ուղղությամբ։ Երեքշաբթի դատարանն արգելել է Մուշարաֆին մասնակցել խորհրդարանական ընտրություններին։
Մուշարաֆը մեղադրվում է Բելուջիստան նահանգի ազգայնականների առաջնորդ Աքբար Բուգտիի (2006 թ.), նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի (2007 թ.) սպանության կազմակերպման և 2007-ին գերագույն դատարանի դատավորների ապօրինի կալանքի համար։ Հենց վերջին մեղադրանքի հիման վրա էլ դատարանն արգելել է նրան մասնակցել ընտրություններին՝ նրա գործողությունները ճանաչելով հակասահմանադրական։










