Երևանը պետք է բիզնես ծրագրերում ներգրավել. քաղաքական ուժերը նշեցին, թե իրենց ծրագրերն ինչ գումարներով են կյանքի կոչելու

14:05 • 18.04.13

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն իրենց ծրագրերում չնայած նշել են, թե ինչ բարեփոխումներ են պատրաստվում անել` ավագանու կազմում տեղ ունենալու պարագայում, սակայն հստակ չեն նշել, թե ինչ ֆինանսական ծախսերով։ Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Երևանի բյուջեն կազմում է 65 մլրդ դրամ, որի մեծ մասը՝ Կառավարության հատկացումից։


Այսօր հրավիրված ասուլիսին մասնակցող քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները նշեցին, թե իրենց մասով ինչպես են լուծելու այդ խնդիրները և գրեթե բոլորն էլ նկատեցին, թե կարևոր է Երևանը բիզնես ծրագրերում ներգրավելը։


ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախ ընդգծեց, որ պետք է արձանագրել, որ Երևանի բյուջեն ոչ թե 65 մլրդ է, այլ շուրջ 80 մլրդ, որը չի երևում մեթոդաբանական հաշվարկի պատճառով։ Նա նշեց, որ իրենք կանխատեսում են, որ մինչև 400 մլդ դրամի առաջիկա 4 տարում հնարավոր է հասցնել։


«Այսինքն՝ եթե այսօր 60-40 հարաբերակցությամբ է բյուջեն ձևավորվում և եթե 33 մլրդ-ը Երևանի եկամուտներն են, որից 20 մլրդ-ը հարկերից, տուրքերից և այլ եկամուտներից են գոյանում, իսկ 13 մլրդ-ը հողի վաճառքից և անշարժ գույքից եկած գումարներ են, ապա մնացած 47 մլրդ-ը արդեն Կառավարության կողմից ստացված հատկացումներ են»,- ասաց նա և նշեց, որ իրենք տեսնում են, որ այս հարաբերակցությունը հնարավոր է հասցնել 75-25-ի, և 25-ը միայն կվերցնեն Կառավարությունից։


Արծվիկ Մինասյանի առաջարկով՝ Երևանի՝ մինչև 30% եկամտահարկը և շահութահարկը պետք է գնա Երևանի բյուջե և ոչ թե պետբյուջե, որպեսզի կառավարումը արդյունավետ իրականացվի, բացի այդ, ըստ նրա՝ երկրորդ խոշոր աղբյուրը կհանդիսանա Երևանը բիզնես ծրագրերում ներգրավելը։


«Այստեղ մենք տեսնում ենք փոքր և միջին բիզնեսում Երևանի մասնակցությամբ եկամուտներ վաստակելը՝ բաժնետիրական համակարգի ուժեղացմամբ»,- ասաց նա և նշեց, որ 2012-ին պլանավորել էր 133 մլն դրամ հավաքագրել, հավաքվել է ընդամենը 95 մլն դրամ։ «Ստացվում է, որ այստեղ էլ մենք անելիք ունենք։ Վերահսկողության հետ կապված առաջարկում ենք, վերահսկողությունը ընդդիմադիր ուժերին վերապահել»,- նշեց նա։


Իսկ ՕԵԿ ներկայացուցիչ Ջուլիետա Թադևոսյանը նշեց. «Կարելի է ավելացնել, տարբեր միջոցներից, օրինակ՝ քաղաքում տնտեսվարող սուբյեկտների շահութահարկերի տոկոսադրույքները բարձրացնել։ Տրանսպորտի կառավարումը տնօրինել քաղաքապետարանի կողմից, հարկային կենտրոնացված մարմին ստեղծել, որ ուշադրություն դարձնի խնդիրներին»։


ԲՀԿ ներկայացուցիչ Պողոս Փլավչյանի խոսքով՝ պետական մարմինների հետ պետք է քննարկել այն հարցերը, որ Երևան քաղաքի սեփական եկամուտները մեծացնեն ոչ թե քաղաքացիներից հարկելով, այլ ուղղակի քաղաքի հարկումը քաղաքի բյուջե բերել և ոչ թե ուղարկել պետբյուջե և ապա գնալ Կառավարությունից փող ուզել։


«Մենք տալիս ենք վարչական լծակներ, բայց ռեսուրսներ չենք տալիս»,- նշեց նա և ավելացրեց, որ բիզնես ծրագրերով աշխատելիս պետք է Երևանի բյուջեով մասնավոր սեկտորի հետ համագործակցել և բիզնես «պարտնյորություն» ունենալ։


«Բարև, Երևան» դաշինքից Սիմոն Ղոնախչյանը նշեց, որ կարևոր է ուշադրություն դարձնել ծրագրերի վրա ծախսվող միջոցների արդյունավետությանը։ «Պետք է ֆինանսները ծրագրային հիմքերի վրա կազմված լինեն, որը գնահատվի ըստ արդյունքի։ Այնինչ՝ իրականցվում են ծրագրեր, որոնց արդյունավետությունը դժվար է գնահատել»,- ասաց նա և նշեց, որ հենց այդ խնայողությունների միջոցով պետք է պլանավորել, որի արդյունքում միջոցներ կխնայվեն։


ՀՀԿ ներկայացուցիչ Վահե Նիկոյանը վստահեցնում է, որ բյուջեն, ոչ մասնագիտական շահարկումների առիթ դարձավ՝ հիմնականում տպավորություն ստեղծելու համար։ Նա նշեց, որ եկամուտ ավելացնելու մասով ոչ մի կոնկրետ առաջարկ չներկայացվեց գործող օրենսդրության շրջանակներում և հավատացրեց, որ օրենքի շրջանակներում բոլոր հնարավոր եկամուտները քաղաքապետարանը հավաքագրում է։


Ի դեպ, նա նշեց, որ իրենք բյուջե թաքցնելու խնդիր չունեն և Արծվիկ Մինասյանի ներկայացրած 80 մլրդ-ը երևում է։ «Բյուջեն հրապարակային է և թափանցիկ, վերահսկողության մեխանիզմները, թափանցիկությունը, օրենսդրության նախատեսմամբ կիրառվում է բոլոր առումներով»,- ասաց նա։


«Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ իրենք առաջարկում են Երևանի տեղական ինքնակառավարման գործարքների արդյունքում առաջացած միջոցները կրկնապատկել ի հաշիվ հարկերից ու տուրքերից ձևավորված եկամուտների, իսկ տրանսպորտի առումով մասնավոր ընկերությունների փոխարեն հենց քաղաքը լինի բաժնետեր, որը հետագայում հնարավորություն կընձեռի մետրոպոլիտենի ցանցն ընդլայնել։


Նշենք, որ ընտրություններին մասնակցող ՀԱԿ-ից ներկայացուցիչ ասուլիսին չկար։