Բարաք Օբամային և սենատորներին թունավոր նամակներ ուղարկողին մեղադրանք է ներկայացվել. նրան 15 տարի ազատազրկում է սպասվում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային թունավոր նամակներ ուղարկելու գործում կասկածյալ 45-ամյա Փոլ Քեվին Քերտիսին հինգշաբթի օրը պաշտոնական մեղադրանք է ներկայացվել, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը:
Քերտիսը մեղադրվում է ԱՄՆ նախագահին և մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին սպառնալու մեջ: Սպասվում է, որ նա դատարան կներկայանա այս հինգշաբթի: Եթե նրան մեղավոր ճանաչեն, ապա նրան 15 տարվա ազատազրկում է սպառնում:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը թունավոր նամակներ էին ստացել ԱՄՆ սենատորները: Ավելի ուշ ԱՄՆ իշխանությունները Սպիտակ տան մոտ բռնագրավել են նախագահ Բարաք Օբամային ուղարկված նամակը: Ինչպես հայտնել է Սենատի անվտանգության ծառայության ներկայացուցիչը, անկախ լաբորատորիայի փորձաքննությունը հաստատել է, որ նամակներում իսկապես «ռիցին» թույն է եղել:
Չորեքշաբթի օրը ոստիկանությունը նամակներ ուղարկելու մեղադրանքով ձերբակալել էր 45-ամյա տղամարդուն, ում հայտնաբերել են Միսիսիպի նահանգի իր տանը:










