Anonymous-ը 55.000 դոլար է հավաքել լրատվական կայք հիմնելու համար
Anonymous շարժման ակտիվիստները գրեթե 55 հազար դոլար են հավաքել սեփական Your Anon News լրատվական կայքը հիմնելու համար, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Indiegogo ծառայությանը։
Նախագիծը 54.668 դոլար նվիրատվություն է ստացել մոտ 1.300 մարդուց։ Տարբեր գումարների դիմաց կայքի ստեղծողներն առաջարկել են նվերներ՝ վերնաշապիկներ կամ Anonymous-ի խորհրդանիշներով այլ իրեր։
Թե հատկապես երբ կբացվի լրատվական կայքը, չի հաղորդվում։ Այն ստեղծվել է մի թիմի կողմից, որն աշխատում է Twitter-ի համանուն աքաունթի համար։
Նախագծի հեղինակները նախատեսում են ստեղծել այնպիսի կայք, որն այլընտրանք կառաջարկի ավանդական մեդիային։ Your Anon News կայքում կհրապարակվեն անկախ լրագրողների նյութեր և առցանց հեռարձակումներ դեպքի վայրից։
Դիզայներները և ծրագրավորողները կաշխատեն կայքի ստեղծման վրա անվճար։ Բոլոր ստացված միջոցները կհատկացվեն կայքի տեխնիկական աջակցմանը։










