Սիրիայում միայն մարտ ամսին 6 000 մարդ է մահացել. քննարկում «Սիրիա. խաղաղություն, արդարություն կամ քաղաքականություն» թեմայով
«Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից հրավիրված «Սիրիա. խաղաղություն, արդարություն կամ քաղաքականություն» թեմայով քննարկմանը միջազգային քրեական իրավունքի մասնագետ Նիկոլաս Քույումջյանը նկատեց, որ արդարությունից խոսել այս հակամարտության մասին դժվար է՝ հաշվի առնելով այն, որ սպանվածների թիվն աճում է և միայն անցյալ ամիս՝ մարտին, 6000 մարդ է մահացել։
Մասնագետն ընդգծեց միջազգային հանրության, մասնավորապես՝ 58 պետությունների կողմից, ՄԱԿ-ին ներկայացված դիմումը՝ հարցը միջազգային դատարան ներկայացնելու համար։ Նա, թեև նշեց, որ ՄԱԿ-ը դեռևս չի ուղարկել միջազգային քրեական դատարան, բայց ըստ նրա՝ այս շրջանում գործընթացը դրական արդյունք չի ունենա։
«Կողմերը խաղաղությունից խոսել չեն ուզում, որովհետև ավելի վատ է լինելու իրենց համար դրանից հետո։ Բացառվում է բանակցային հաշտությունը գոնե Ասադի կողմից, որովհետև միջազգային դատարանում իրեն է առաջ քաշվել մեղադրանքը։ Արդյոք հնարավո՞ր է արդարության մասին խոսել, եթե կողմերից մեկի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել»,-հարցրեց մասնագետն ու հավելեց, որ հետագայում, իհարկե, կարևոր է՝ կանխելու նման հնարավոր տարբերակները։
«Բնականաբար ամեն հակամարտություն ավարտվելու է, բայց հարցն այն է, թե այդ ժամանակ արդարություն ունենալու են, քանի որ ըստ նրա՝ ԱՄՆ-ն տեսավ, թե մյուս երկրների հեղափոխությունների արդյունքը որն էր»,- ասաց նա։
«Հակամարտությունը բացասական զարգացում է ստանում, շատ ավելի քիչ քաղաքական է և դառնում է էթնիկ, երբ մարդիկ մյուս խմբին թշնամի են ընկալում, որն ահավոր է դառնում։ Պետք է հասկանալ, որ այս փաստը պետք է բանակցությունների խնդիր դառնա և օրակարգում արտացոլվի»,- ասաց նա և նշեց, որ ԱՄՆ-ի գործողություններից ակնհայտ է, որ նրանք հասկացել են, որ Ասադին փոխարինողը Ասադից լավը, գուցե, չլինի, և դա է պատճառը, որ ԱՄՆ-ն հնարավորինս քիչ է միջամտում։
«ԱՄՆ-ն մտահոգված է, թե ինչպիսին կլինի Ասադին փոխարինողը, որը ԱՄՆ-ն չի ընտրելու, այլ Սիրիայի ընդդիմության առաջնորդն է դառնալու»,- ասաց նա։
Թուրքիայի դերը հակամարտությունում ի տարբերություն ԱՄՆ-ի, ըստ Նիկոլաս Քույումջյանի՝ մեծ է։
«Թուրքիան մեծ դեր է ունեցել հակամարտության մեջ, մարտիկներից շատերը միանում են ապստամբներին Թուրքիայի տարածքով ն, նույնը նաև զենք մատակարարելու հարցում և ըստ այդմ էլ՝ լուծումը կախված կլինի նրանից։ Թուրքիայի Կառավարությունը չէր ուզենա ռադիկալ իսլամական ռեժիմ գար Սիրիայում։ Դրա համար Թուրքիան պետք է միջազգային հանրության համար մասնակից լինի հակամարտության լուծման համար»,- նշեց նա։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հարցին այլ կերպ է վերաբերում և կարևորում ոչ այդքան իրավական, որքան քաղաքական կողմը։
«Այս երեք կետերից՝ արդարություն, խաղաղություն և քաղաքականություն, կարևորը քաղաքականությունն է և հետո արդեն խաղաղությունն է, նույնիսկ եթե լինի ժամանակավոր փխրուն տարբերակով»,- ասաց նա և նշեց, որ անկյունից դուրս գալու հնարավորություն պետք է ընձեռել կողմերին։
Վարդան Օսկանյանը նկատեց, որ հակամարտությունն ավարտվելու է, բայց չգիտեն երբ, և նա առաջ քաշեց հակամարտության ավարտի 4 հնարավոր վարկած։
«Առաջինն այն է, որ մարդիկ շատ են խոսում, որ երկիրը բաժանվելու է հյուսիսում՝ քրդական մասի, Իրաքի քրդերը ավելի մեծ պետություն կկազմեն և մյուս մասը՝ սուննիները։ Հաջորդ տարբերակը՝ կողմերից մեկը վճռական հաղթանակ կտանի, մյուսը՝ իշխանության հետ համաձայնության կգա և վերջինը՝ ստատուս քվոյի պահպանում, որը վտանգավոր է և կքանդի երկիրը»,- ասաց նա։










