Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդիկ. Time-ը հրապարակել է իր հայտնի ցուցակը
Ամերիկյան TIME հանդեսը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց իր ամենամյա ավանդական ցուցակը՝ մի քանի ենթախմբերով՝ արտիստներ, քաղաքական առաջնորդներ, առաջամարտիկներ, ոլորտի տիտաններ և պաշտամունքային անձինք:
Տիտանների շարքում նշված է ամերիկացի երաժիշտ Ջեյ Զին, «Ռոսնեֆտի» նախագահ Իգոր Սեչինը, շախմատի վունդերկինդ Մագնուս Կարլսենը ու ևս 17 անուն:
Քաղաքական առաջնորդներից հիշատակված են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ու ևս 18 անուն:
Արտիստների ամենաազդեցիկն են ճանաչվել երգչուհի Քրիստինա Ագիլիերան, այս տարվա օսկարակիր դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը, վետերան ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգն ու ևս 13 անուն:
Պաշտամունքային անձանց թվում ամենա-ամենաներն են Քեմբրիջի դքսուհի Քեթրին Միդլթոնը, ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման, երգչուհի Բեյոնսեն, ֆուտբոլիստ Մարիո Բալոտելին ու ևս 10 անուն:
Ամենից շատ՝ 24 անուն, ներառված է «Առաջամարտիկներ» բաժնում:
Իսկ ամսագրի նոր համարը զարդարել է պակիստանցի դեռահաս ակտիվիստուհի Մալալան, որն անցած տարի դարձել էր թալիբների հարձակման զոհը, իսկ այս տարի Time-ի պաշտամունքային անձանց ցուցակում է:










