«Ժառանգությունը» որևէ մեկին «Անի» հյուրանոց գալու հատուկ հրավեր չի ուղարկել
«Ժառանգությունը» որևէ հատուկ, ավելի ճիշտ, գրավոր առաջարկ չի ներկայացրել կուսակցություններին ու անհատներին՝ այսօր «Անի» հյուրանոցում համազգային ճակատի ձևավորմանը մասնակցելու նպատակով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Քննարկումը բաց է, կարող են գալ, լսել, առաջարկներ ներկայացնել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Աղվան Վարդանյանն՝ ի պատասխան հարցի, կգնա՞ն «Անի» հյուրանոց, թե ոչ, ասել էր. «Թե ինչ է անելու Րաֆֆին ամսի 19-ին՝ «Անի» հյուրանոցում, լավ չգիտեմ. նա հանրահավաքում հայտարարեց, որ ամսի 19-ին բոլորին հրավիրում է «Անի» հյուրանոց : «Անի» հյուրանոցը «Անի» հյուրանոց է, և սրահը կարող է 200- 300 մարդ տեղավորել, հազարավոր մարդկանց է հրավիրել, ի՞նչ է անելու»:
Ինչից հետո էլ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ եթե հատուկ հրավերքի են սպասում, կստանան:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն անցած ուրբաթ օրը Ազատության հրապարակում կայացած հանրահավաքին հայտարարել էր, որ ուզում է ոչ թե այլընտրանքային կամ զուգահեռ, այլ ժողովրդի իշխանություն. «Այլ մենք կերտելու ենք Հայաստանի Սահմանադրության 2-րդ հոդվածը՝ ժողովրդի իշխանությունը, և դա անելու ենք վերկուսակցական դրոշով»:
Հիշեցնենք, որ այդ այլընտրանքային իշխանությունը Նախախորհրդարանի անդամների առաջարկն էր, ինչ նպատակով էլ բաց քաղաքացիական ֆորումի 10 նիստեր անցկացվեցին:
Ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ համար էին այդ նիստերը, եթե վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հայտարարեր, որ դրանք պետք չեն, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որպեսզի քննարկումների ընթացքում լսեին, թե առաջարկներից որոնք են ընդունելի:










