Բահրեյնը գնել է «Ֆորմուլա 1»-ը՝ մարդու իրավունքների խախտումները քողարկելու համար. Ջուլիան Ասանժ
Շեյխերը հատուկ են գրավում Քիմ Քարդաշյանին և այլոց, ովքեր պատրաստ են փողի դիմաց հոգին վաճառել և գովել Բահրեյնի կառավարությանը. այսպես է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Russia Today-ին տված հարցազրույցում նկարագրել սեփական իմիջի լավացմանն ուղղված արաբական այս թագավորության մեթոդները, գրում է Russia Today-ը։
Ասանժը հայտարարել է, որ, ըստ իր տվյալների, Սքոթլանդ Յարդի (բրիտանական ոստիկանության) նախկին բարձրաստիճան աշխատակիցները թագավորության ոստիկանությանը սովորեցրել են՝ ինչ գործողություններ կիրառել ցույցերի ժամանակ։
«Ուշադրություն է գրավում նաև Վաշինգտոնի լռությունը, և այդ ամենն այստեղ տեղակայված ԱՄՆ Ռազմածովային ուժերի բազայի պատճառով։ Ամերիկացիները հետաքրքրված են դրա պահպանմամբ, որպեսզի հետագայում նույնպես այդ տարածքը վերահսկելու հնարավորություն ունենան»,- ասել է Ասանժը։
Նա ծաղրել է հայազգի մոդել Քիմ Քարդաշյանին, ով «անդադար միմյանց հաջորդող թվիթներ է անում» Բահրեյնի կայունության մասին։
«Նույն պատմությունն է և «Ֆորմուլա 1-ի» հետ։ Նրանք այն գնել են՝ հույս ունենալով թաքցնել մարդու իրավունքների խախտումը և հույս ունենալով շտկել հեղինակությունը»,- նշել է նա։
Բահրեյնում պարբերաբար բախումներ են տեղի ունենում ոստիկանների և ընդդիմադիրների միջև։ Նախորդ տարի նույնիսկ արգելվել էր զանգվածային ակցիաների անցկացումը։ Ցուցարարները պահանջում են գահընկեց անել իշխող ալ-Խալիֆա թագավորական տոհմը և ավելի շատ ազատություն տալ շիա բնակչությանը։










