Ասադի արարքները պետք է դիտարկվեն որպես ռազմական հանցագործություն. Դավութօղլու
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ վերջին 2 ամսում Դամասկոսը Հալեպի վրա 205 հատ «Սկադ» տիպի հրթիռ է արձակել և անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն այդ ամենը դիտարկի որպես ռազմական հանցագործություն։
CNN turk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Դավութօղլուն ընդգծել է, որ նույնիսկ այն դեպքերում, երբ պատերազմում է երկու երկիր, քաղաքացիական տարածքների վրա օդային հարձակում իրականացնելը ռազմական հանցագործություն է համարվում։
«Սիրիայում ամեն մի «Սկադ» հրթիռ վերացնում է մի թաղամաս, և դա ռազմական հանցագործություն է։ Այսուհետ պետք է գործենք՝ դա հաշվի առնելով, և պետք է պատասխան պահանջենք դրա համար։ Ոչ ոք չի կարող պնդել, որ դա ռազմական հանցագործություն չէ»,-ասել է Դավութօղլուն։
Նա նաև ընդգծել է մարդասիրական միջանցք ստեղծելու անհրաժեշտության մասին՝ հիշեցնելով, որ Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը մոտենում է 200.000-ի սահմանին։










