Սպորտային Ferrari-ն համալրել է Դուբայի ոստիկանության ավտոպարկը
Դուբայի ոստիկանության ավտոպարկը հարստացել է նոր, թանկարժեք Ferrari Four ավտոմեքենաներով, իսկ օրեր առաջ քաղաքի փողոցներում հայտնվել է ոստիկանական Lamborghini-ն, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Ավտոմեքենան օգտագործվելու է քաղաքից դուրս՝ ավտոմայրուղիների վրա և այլ վայրերում, որտեղ արագընթաց սպորտային մեքենա է պետք»,-ասված է այսօր տարածված հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ այդ չորս տեղանոց մեքենան կարող է 3.7 վայրկյանում 100 կմ/ժամ արագություն զարգացնել։ Բացի այդ, մեքենան նաև տեսախցիկով է հագեցած լինելու, որը միացվելու է Դուբայի ոստիկանության էլեկտրոնային համակարգին։
Դուբայի ոստիկանապետ Դահի Խալֆան պարզաբանել է, որ Ferrari Four-ը տրամադրվելու է կանանց ստորաբաժանմանը, որն ապացուցել է իր արդյունավետությունը Դուբայի ոստիկանության աշխատանքի տարբեր ոլորտներում։
Մոտ մեկ շաբաթ առաջ ոստիկանությունը մոտ կես միլիոն դոլար արժողությամբ Lamborghini էր ստացել։ Այն հերթապահելու է բացառապես Դուբայի ամենաբարձր երկնաքերերի թաղամասում՝ Բուրջ Խալիֆայում,ինչպես նաև ծովափնյա Դուբայ-Մարինա և Ջումեյրա շրջաններում։
Իրավապահ մարմինների ղեկավարները ենթադրում են, որ սպորտային մեքենաներն Արաբական Միացյալ Էմիրությունների հյուրերի և քաղաքացիների շրջանում կբարձրացնեն ոստիկանության վարկանիշը, ինչը կվկայի նաև Դուբայում կյանքի բարձր մակարդակի մասին։










