Ոսկե ապագա. Forbes-ի՝ ՌԴ ամենահարուստ երիտասարդ մասնակիցների թվում հայ կա
Դեռևս ութ տարի առաջ հեղինակավոր Forbes հանդեսի «ոսկե ցուցակում» մինչև 40 տարեկան բազմաթիվ միլիոնատերեր կային։ Յուրաքանչյուր տարի երիտասարդների և հարուստների թիվը նվազում է, հայտնում է Forbes-ը։
Հանդեսը հրապարակել է ՌԴ ամենաերիտասարդ միլիոնատերերի ցուցակը, որի մասնակիցներին նույնիսկ «երիտասարդ» անվանելը բավականին դժվար է։ Մինչև 40 տարեկան հարուստներից ոչ ոք 30 տարեկանից փոքր չէ։
Ցանկում կա նաև հայ մասնակից. Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանց) ՌԴ ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 127-րդ տեղը՝ 800 մլն դոլար կարողությամբ։ 39-ամյա գործարարը ցանկալի փեսացու է և ՌԴ ամենախորհրդավոր միլիոնատերերից մեկը։
Անդրեյ Անդրեև կեղծանվամբ Օհանջանյանցը «Մամբա» («Мамба») ծանոթությունների հայտնի կայքի և Badoo նախագծի ստեղծողն է։ Վերջինն իրենից ներկայացնում է չաթի, ծանոթությունների ծառայության և լուսանկարների վարկանիշի միավորում, որը թաքնված է սոցկայքի անվան տակ։ 2012-ի տվյալների համաձայն՝ 41 լեզուներով հասանելի կայքն ունի 175 մլն գրանցված օգտատեր։ Անդրեևն ապրում է Լոնդոնում, չի սիրում լուսանկարվել և հարցազրույցներ տալ, ազատ ժամանակ նախընտրում է զբոսնել լոնդոնյան արվարձաններում վարձակալած շքեղ ավտոմեքենաներով։

Ցուցակի մյուս մասնակիցները.
Վյաչեսլավ Միրիլաշվիլի
Տարիքը՝ 30
Ցուցակում՝ 114
Կարողությունը՝ 950 մլն դոլար
Սանկտ Պետերբուրգում հայտնի և հեղինակավոր գործարար Միխայիլ Միրիլաշվիլիի որդին է, ում պատկանում է «ՊետրոՄիր» («ПетроМир») ընկերությունը և «Կոնտի» («Конти») խաղային կոնցեռնը։ Վերադառնալով Ամերիկայից և ոգևորված Facebook-ի գաղափարով՝ 2006-ին Վյաչեսլավը 30.000 դոլար է ներդնում իր համադասարանցու՝ Պավել Դուրովի նախագծում։ Գումարը նա պարտքով է վերցնում իր հոր ընկերություններից մեկից։ 2013թ. ապրիլի կեսի դրությամբ՝ «ՎԿոնտակտե» («ВКонтакте») ցանցի լսարանն ամեն օր կազմում է ավելի քան 47 մլն մարդ։ Վերջերս Միրիլաշվիլին վաճառել է սոցկայքի իրեն պատկանող 40% բաժնեմասը, գործարքի գինը դեռ հայտնի չէ։

Վիտալի Յուսուֆով
Տարիքը՝ 33
Ցուցակում՝ 153
Կարողությունը՝ 700 մլն դոլար
ՌԴ էներգետիկայի նախկին նախարար և էներգետիկ համագործակցության գծով նախագահի հատուկ ներկայացուցիչ Իգոր Յուսուֆովի որդին է։ 22 տարեկանում նա տնտեսական գիտությունների թեկնածու էր, 24 տարեկանում՝ «Գազպրոմէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի օգնական, 26 տարեկանում՝ Nord Stream AG ընկերության մոսկովյան մասնաճյուղի տնօրեն։
Վիտալին հմուտ գործարար է. 2009թ. Գերմանիայում նախընտրական քարոզարշավի ժամանակ նա սնանկացումից փրկել է Waden Yards նավաշինարարական ընկերությունը։ Այդ ընտրությունների արդյունքներով Անգելա Մերկելը ևս 4 տարով զբաղեցրեց Գերմանիայի կանցլերի պաշտոնը։

Մաքսիմ Նոգոտկով
Տարիքը՝ 36
Ցուցակում՝ 82
Կարողությունը՝ 1.3 մլրդ դոլար
Միակ ռուս միլիարդատերը Forbes-ի ցուցակում, ում 40-ամյակը դեռ չի լրացել։ «Սվյազնոյ» («Связной») ցանցի և համանուն բանկի սեփականատեր Մաքսիմ Նոգոտկովը ձեռնարկատիրական ունակությունները դեռ դպրոցում է դրսևորել՝ վաճառելով համակարգչային ծրագրեր և ռադիոհեռախոսներ։ Ինստիտուտն ավարտելուց հետո նա որոշում է լրջորեն զբաղվել վաճառքներով և կազմակերպում է բջջային հեռախոսների մեծածախ վաճառք, այնուհետև նաև՝ մանրածախ վաճառք։ Նախորդ տարի «Սվյազնոյ»-ի միջոցով վաճառվել է ավելի քան 9 մլն հեռախոս և սմարթֆոն, իսկ եկամուտը գերազանցել է 500 մլրդ ռուբլին։
Մաքսիմ Լիկսուտով
Տարիքը՝ 36
Ցուցակում՝ 157
Կարողությունը՝ 650 մլն դոլար
Պրոֆեսիոնալ սուզորդ Մաքսիմ Լիկսուտովն իր կարողությունը կուտակել է երկաթուղային փոխադրումների շնորհիվ։ 1990-ականների սկզբին նա իր հարևան Սերգեյ Գլինկայի խնդրանքով զբաղվում է Տալլինի նավահանգստում կուզբասյան ածուխի վերբեռնմամբ։ Հետագայում Մաքսիմը դառնում է ամենախոշոր մասնավոր երկաթուղային փոխադրող «Տրանսգրուպ» («Трансгрупп»), ինչպես նաև «Տրանսմաշհոլդինգ» («Трансмашхолдинг») և «Աերոէքսպրես» («Аэроэкспресс») ընկերությունների համասեփականատեր։ 2011-ին նա նշանակվում է Մոսկվայի ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների և տրանսպորտի վարչության ղեկավար, իսկ 10 ամիս անց՝ քաղաքապետի տեղակալ։ Ինչի կապակցությամբ էլ, ըստ իր հայտարարությունների, 2012-ին ամբողջությամբ դուրս է եկել բիզնեսից՝ վաճառելով իր մասնաբաժինները։

Իվան Տավրին
Տարիքը՝ 36
Ցուցակում՝ 200
Կարողությունը՝ 500 մլն դոլար
Տավրինն իր բիզնեսը սկսում է երկրի շրջաններում հեռուստատեսային գովազդ վաճառելով, այնուհետև տարվում է տարածաշրջանային հեռուստա- և ռադիոընկերությունների գնմամբ։ Եվ չնայած նա կայացել էր դեռևս 2000-ականների կեսերին, սակայն ամենահարուստներից մեկն է դարձել Ալիշեր Ուսմանովի օգնությամբ, ով գլխավորում է Forbes-ի ցուցակը։ 2009-ին Տավրինը միավորում է իր բիզնեսն ամենահարուստ ռուսաստանցու մեդիաակտիվների հետ։ Համագործակցությունն Ուսմանովին դուր է գալիս. մեկ տարի առաջ Տավրինը նշանակվում է «Մեգաֆոն» («Мегафон») ընկերության գլխավոր տնօրեն։












