Արամ Գաբրիելյանովը ներողություն է խնդրել Պուտինի խորհրդակցությունից տեսանյութ հրապարակելու համար

23:49 • 19.04.13

Ռուսական Life News կայքի հրատարակիչ «Նյուս Մեդիա» հոլդինգի ղեկավար Արամ Գաբրիելյանովը, ով ի դեպ ազգությամբ հայ է, նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին՝ ներողություն խնդրելով իր կայքում Պուտինի խորհրդակցությունից տեսանյութ հրապարակելու համար, գրում է Lenta.ru-ն:


Ինչպես ապրիլի 19-ին Գաբրիելյանովը Twitter-ի իր բլոգում գրել է, նա նամակում ներողություն է խնդրել Վլադիմիր Պուտինից և մամլո քարտուղարությունից նախագահի կողմից անցկացվող փակ խորհրդակցությունից տեսանյութ հրապարակելու համար:

Երկու օր առաջ «Նյուս Մեդիա»-ի ղեկավարը գրել էր, որ Life News-ի լրագրողներին նախագահականից վտարելը համարում է «անկարգություն»:


Life News-ի գլխավոր խմբագիր Արամ Գաբրիելյանովը տեղեկացրել է, որ սպասում է իր ազատմանը, սակայն նա մնում է այն կարծիքին, որ «լրագրողի աշխատանքը ճշմարտությունը հաղորդելն է»:


Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով չթույլատրված տեսանյութի նկարահանումն ու հրապարակումը, հրատարակչության արարքը գնահատել է որպես «էթիկապես անթույլատրելի»:


Խառնաշփոթ առաջացրած տեսանյութը հրապարակվել էր ապրիլի 17-ին «Վլադիմիր Պուտինը սպառնում է ցրել կառավարությունը» անվանումով նյութի տակ: Մամլո քարտուղարի մեկնաբանությամբ այդ արտահայտությունը, որը ձայնագրվել էր տեսանյութում, վերաբերել է նահանգային կառավարիչներին, ոչ թե խորհրդարանին:

Այժմ տեսանյութը Life News-ի կայքից հեռացված է: