Գերմանիայի նախագահ Իոահիմ Գաուկը պայթուցիկ նյութ պարունակող ծանրոց է ստացել
Այսօր Գերմանիայի նախագահ Իոահիմ Գաուկին պայթուցիկ պարունակող ծրար են ուղարկել: Ոստիկանությունը ոչնչացրել է նամակն առանց այն բացելու, հաղորդում է dp.ru-ն՝ հղում անելով գերմանական «Welt» հրատարակչությանը:
Քրեական ոստիկանության դաշնային վարչությունը կասկածելի նամակի մասին տեղեկությունն ստացել է այսօր Երևանի ժամանակով 13:00-ին: Այն ոչնչացրել են պետության ղեկավարի նստավայրի այգում: Տուժողներ չկան:
Այնուամենայնիվ, քրեական ոստիկանության դաշնային վարչության մամլո հաղորդագրության մեջ պաշտոնապես չի հաստատվել Գերմանիայի նախագահին ուղարկված ծանրոցի վտանգավոր լինելու փաստը: «Ես միայն կարող եմ ասել, որ այսօր առավոտյան կասկածելի նամակ է հայտնաբերվել: Ենթադրվում էր, որ ծանրոցի ներսում պայթուցիկ նյութ է եղել: Այդ իսկ պատճառով այն ոչնչացվել է», - հայտնել է վարչության ներկայացուցիչը, ինչպես տեղեկացնում է տեղի հրատարակչությունը:










