Սերբիան և Կոսովոն պատմական համաձայնագիր են ստորագրել. մամուլը դա որակում է որպես անկախության դե յուրե ճանաչում
Սերբիան և Կոսովոն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագիր են կնքել, որը արդեն իսկ միջազգային լրատվամիջոցների կողմից որակվում է որպես պատմական: Ըստ BBC-ի՝ ԵՄ-ի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունը ուղղված է հարաբերությունների կարգավորմանը բալկանյան այս երկու հարևանների միջև: Համաձայնությունը հնարավոր է դարձել Սերբիայի ու Կոսովոյի վարչապետներ Իվիցա Դաչիչի և Հաշիմ Տաչիի մի քանի ամիս տևած լարված բանակցություններից հետո:
Բանակցություններից հետո Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը ասել է, որ բանակցություններն ավարտվել են, իսկ համաձայնությունը ստորագրել են 2 վարչապետները, այն դեպքում, երբ այս ամսվա սկզբին Սերբիան մերժել էր համաձայնությունը:
Բանակցություններից հետո Կոսովոյի ինտեգրման նախարար Վլորա Չիտակուն tweet է արել. «Եվ սպիտակ ծուխը ելավ: Պակտ ունենք» (Հռոմի պապի ընտրության մասին հայտարարության հետ աղերսով – Tert.am):
Կոսովոն միակողմանի անկախացում էր հայտարարել 2008-ին և մոտ 100 երկրներ ու կազմակերպություններ ճանաչել էին նոր երկիրը, որոնց թվում Սերբիան չկա: Իսկ այժմ, Эхо Москвы-ի դիտարկմամբ, որը մեջբերում է ինքնահռչակ հանրապետության վարչապետի բնորոշումը, Սերբիան դե յուրե ճանաչել է Կոսովոն:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը հայտնում է, որ համաձայնագրով կողմերը չեն արգելափակի միմյանց մուտքը ԵՄ:
RBC-ն նշում է, որ խոսքը պատմական փաստաթղթի մասին է:










