Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության արարողությունը հետաձգվել է

20:14 • 19.04.13

Վենեսուելայի նորընտիր նախագահ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության պաշտոնական արարողությունը հետաձգել են երկու ժամով: Այս մասին տեղեկացնում է Газета.Ru-ն՝ հղում անելով Интерфакс-ին:


Երդմնակալության արարողությունը պետք է սկսվեր տեղի ժամանակով 11:00-ին, սակայն այս պահի դրությամբ՝ նախանշված ժամից երկու ժամ անց, այն դեռևս չի սկսվել: Տեղեկատվության աղբյուրը չի բացառում, որ երդմնակալության արարողությունը կտեղափոխվի հաջորդ օր:


«Չի բացառվում, որ այսօր երդմնակալության արարողություն տեղի չի ունենա», հայտնել են տեղի դիվանագիտական աղբյուրները:


Հիշեցնենք, որ Վենեսուելայում նախագահական ընտրությունների ժամանակ ձայների մեծամասնությամբ երկրի նոր նախագահ է ընտրվել Ուգո Չավեսին ժամանակավոր փոխարինող Նիկոլաս Մադուրոն: Սակայն ընդդիմադիր թեկնածու Էնրիկե Կապրիլեսը չի ընդունել իր պարտությունը և պահանջել է ձայների վերահաշվարկ անցկացնել: