Հռոմի պապը նամակ է հղել Արամ Ա կաթողիկոսին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր գահակալության պաշտոնական արարողությունից հետո նամակ է հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին։
Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նամակում Պապը երախտագիտություն է հայտնել Վեհափառ հայրապետին՝ ցուցաբերած սիրո և սրտակցության համար՝ գահակալության արարողությանը պատվիրակություն ուղարկելու կապակցությամբ։
Նա նշել է, որ խորապես զգացված է այդ եղբայրական արտահայտության համար, որն իր համար հոգեկան գոհունակության և քաջալերանքի աղբյուր է։
«Որպես հավատակից եղբայր, խոնարհաբար խնդրում եմ աղոթքի ճանապարհով Ձեր օժանդակությունը, որպեսզի Տերն ինձ առաջնորդի իմ նոր առաքելության մեջ»,-գրել է Ֆրանցիսկոս պապը։
Նա իր նամակը եզրափակել է, ասելով, որ միության և համագործակցության ճանապարհով պետք է միասին աշխատել աշխարհի խաղաղության, ինչպես նաև աղքատներին, տկարներին և տառապյալներին ծառայելու համար։










