Ամերիկյան ծանոթությունների կայքը ներողություն է խնդրել Իսպանիայի թագուհուց՝ նրա նկարն անպարկեշտ գովազդում տեղադրելու համար

18:18 • 19.04.13

Իսպանիայի թագուհի Սոֆյան դատի է տվել ամերիկյան Ashley Madison ծանոթությունների կայքին, որը մոնտաժի օգնությամբ տեղադրել է նրա լուսանկարը կիսամերկ տղամարդու գրկում՝ առանց նրա թույլտվության։ Կայքը պաշտոնապես ներողություն է խնդրել առաջին տիկնոջից, գրում է Russia Today-ը։

 

Այն իր ագրեսիվ գովազդային արշավի համար օգտագործել է թագավորական ընտանիքի արխիվից մի լուսանկար՝ առանց պաշտոնական թույլտվության։


Ժպտացող թագուհուն «տեղադրել են» կիսամերկ տղամարդու գրկում և ավելացրել են հետևյալ գրառումը. «Դուք այլևս ստիպված չեք լինի գիշերները միայնության մեջ անցկացնել»։ Այդպիսով՝ կայքն ակնարկել է նրա ամուսնու՝ թագավոր Խուան Կառլոսի անհավատարմությունը։

 

Իմանալով դրա մասին՝ թագուհին դատի է տվել կայքին և հայտնել, որ պատահածը վիրավորում է նրա «պատիվն ու արժանապատվությունը»։ Մեղադրանքներին կայքը պատասխանել է ներողությամբ, որը կհրապարակվի Իսպանիայի բոլոր առաջատար թերթերում։

Թագուհու և կայքի սեփականատեր ընկերության փաստաբանների միջև համաձայնությունը կնքվել է նախորդ շաբաթ։ Թագուհին դրամական փոխհատուցում չի պահանջել։