Վենեսուելայում նախագահական ընտրությունների 100% ձայների վերահաշվարկ տեղի չի ունենա
Վենեսուելայում նախագահական ընտրությունների 100% ձայների վերահաշվարկ տեղի չի ունենա, ինչպես պահանջում էր ընդդիմությունը։ Ինչպես հաղորդում է Взгляд-ը, այդ մասին երեկ երեկոյան հայտարարել է Ազգային ընտրական խորհուրդը։ Ինչպես հայտնել է խորհրդի ղեկավար Տիբիսայ Լուսենան, որոշում է ընդունվել անցկացնել կիրակի տեղի ունեցած ընտրությունների արդյունքների «քաղաքացիական աուդիտ»։
Խորհուրդը որոշել է «ընդլայնել բոլոր քվեատուփերի աուդիտորական և քաղաքացիական ստուգումները», որոնք չեն ստուգվել ընտրությունների օրը։ Վենեսուելական օրենսդրության համաձայն՝ քվեարկությունն ավտոմատացվել է, իսկ քվեատուփերի 54 տոկոսն աուդիտորական ստուգում են անցնում ընտրությունների օրը։ Խորհրդի ընդունած որոշման համաձայն՝ այժմ աուդիտի կենթարկվեն մնացած 46 տոկոս քվեատուփերը։
Միևնույն ժամանակ, Լուսենան ընդգծել է, որ աուդիտ չի նշանակում ձեռքով ձայների հաշվարկ։
Մադուրոյի երդմնակալության արարողության նախօրեին Վենեսուելայում կրկին բողոքի ցույցեր ու երթեր են սկսվել նրա կողմնակիցների և հակառակորդների մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ անցկացված ընտրություններում իշխող կուսակցության թեկնածու Մադուրոն ձայների քիչ տարբերությամբ հաղթել էր ընդդիմադիր Էնրիկե Կապրիլեսին։










